ԺԻՐԱՅՐ ՏԷՐ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

Երգիչ, թառահար և երաժշտագետ։ Ավարտել է Երեվանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (թառ) և Փարիզի Սորբոնի համալսարանը՝ «Տոնայնությունը և մոդալությունը հայ երաժշտության մեջ» մագիստրոսական ավարտաճառով։ Դասավանդում է Փարիզի ակադեմիայում։ Միջազգային փառատոնների մրցանակակիր է։ Հեղինակ է մի շարք հոդվածների։

«ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՉԳՆԱՀԱՏՎԱԾ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳԻ ՕՐԻՆԱԿՈՎ»

20-րդ դարի արդիականացման ակունքներում Հայ առաքելական եկեղեցին արևմտյան ազդեցության տակ առաջ է քաշում բազմաձայնության միջոցով Պատարագի արդիականացման հարցը: Հետաքրքիր է հասկանալ հայ հոգևոր երաժշտության ստեղծման հետ կապված գեղագիտական նպատակները և այն երաժշտական խոչընդոտները, որոնց նախկինում բախվել էին կոմպոզիտորները: Սուրբ Պատարագի բազմաձայնության հարցը հետաքրքրել է տարբեր երաժիշտների՝ Կարա-Մուրզային, Եկմալյանին, Կոմիտասին: 1908 թ. Կոմիտասն առաջարկել է Սուրբ Պատարագի նորարար և արդիականացված ներդաշնակում՝ նոր կաթողիկոսին օծելու համար: Այն պաշտոնապես չընդունվեց եկեղեցու կողմից և հրատարակվեց Փարիզում միայն 1933 թ.՝ Կոմիտասի սաների ջանքերով և Լուի Լալուայի օժանդակությամբ: Մինչդեռ Մակար Եկմալյանի՝ 1896 թ. հրատարակված տարբերակը մինչ օրս մատուցվում է կիրակնօրյա ժամերգության ժամանակ և ստացել է տպագրվելու պաշտոնական թույլտվություն: Որո՞նք էին պատճառները, որ եկեղեցին չընդունեց կոմիտասյան բազմաձայն Պատարագը, որն անժխտելի հետաքրքրություն է ներկայացնում երաժշտագիտության համար:
Մենք անդրադառնում ենք Կոմիտասի երաժշտական գործունեությանը: Մասնավորապես, ուսումնասիրում ենք արևմտյան երաժշտության և տոնայնության ազդեցությունը երաժշտական մտքի վրա: Չնայած տոնայնության ներդաշնակմանը տիրապետելուն և ի տարբերություն Եկմալյանի՝ Կոմիտասն իր Պատարագում առաջարկում էր մոդալ բազմաձայնություն: Վերոհիշյալ կոմպոզիտորների Պատարագներից դրվագների համեմատական վերլուծությամբ ներկայացնում ենք Կոմիտասի առաջ քաշած մոդալ բազմաձայնության հայեցակարգը, որն արդիականացնում է ավանդույթը: Այսպիսով փաստում ենք, որ Հայ առաքելական եկեղեցին նոր շունչ առնելու համար, իհարկե, ստիպված էր բաց հայացքով նայել աշխարհին, ուստի առաջնահերթ համարեց գաղափարական և քաղաքական նպատակները՝ մերժելով Կոմիտասի գերարդիական երաժշտական ընտրությունը: