ԼԻԼԻԹ ԵՐՆՋԱԿՅԱՆ
Երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ: Հեղինակ է 5 գրքերի և գիտական շուրջ 70 հոդվածների՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, զեկուցումներով մասնակցել է հանրապետական և միջազգային գիտաժողովների: Գիտական հետաքրքրությունների ոլորտում Արևելքի ավանդական, դասական երաժշտության, հայ հոգևոր և աշուղական երաժշտարվեստի, հայ-իրանական, հայ-թուրքական երաժշտական փոխառնչությունների, ինչպես նաև ժամանակակից կոմպոզիտորական արվեստին առնչվող հարցերն են:
ԿՈՄԻՏԱՍԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Էթնոերաժշտագիտական աշխատանքներում հաճախ հնչող հարցադրումներից է ազգային մշակույթ հասկացության չափանիշների սահմանումը: Զեկուցման թեման շոշափում է ազգային երաժշտական ինքնության կոմիտասյան պատկերացումների հիմքերն իր ժամանակի համատեքստում: Պատմաքաղաքական հանգամանքներով և ազգային մշակույթի ինքնաճանաչման խնդիրներով պայմանավորված՝ Կոմիտասի հակասական դիրքորոշումը աշուղական երգարվեստի, արևելյան ավանդական եղանակների, ինչպես նաև թուրքալեզու երգերի վերաբերյալ, ձևավորել է միմյանց հակադրվող՝ «արևելյան» և «հայկական» ըմբռնումներն ու «օտար» ժանրերին տրվող բնութագրերը: Խնդրի քննությունը և հետազոտական ելակետը չեն ենթադրում Կոմիտասի արտահայտած մտքերի կամ տարարժեք գնահատականների քննադատությունը: Հայ երաժշտության մեծ երախտավորի կողմնորոշումը՝ ուղղված ազգային երաժշտական ինքնության եզակիության ապացուցմանը, չի բացառում այլ գիտական տեսակետների կարևորումը:
«Թուրքական երգեր» կամ «Թուրքական մեղեդիներ» խորագրի ներքո 19-20-րդ դդ. ձայնագրված և հրատարակված մի շարք երաժշտական հավաքածուների ուսումնասիրությունն առաջադրում է մշակութաբանական կարգի հարցերի հստակեցման և երաժշտական «հայկականության» սահմանների ճշգրտման անհրաժեշտությունը:
Հայ երաժշտական մշակույթում արմատավորված համաարևելյան ժանրերի, ժողովրդի ամենատարբեր շերտերում ազգային հուզական վերելք առաջացնող «բուն հայկական» ծագում չունեցող երգերի կենցաղավարման փաստերը հակադրվում են էթնիկ եզակիության բացարձակացման դրույթներին: Սեմանտիկ խորհրդանշական լիցքեր պարունակող ընդհանուր արժեքների առկայությունը թույլ է տալիս հայ երաժշտարվեստը դիտարկել միջմշակութային կապերի ոլորտում: