ԼՈՒՍԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
Երաժշտագետ, կոմիտասագետ, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, դոցենտ:
Ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժնի ասպիրանտուրան: Գիտական թեզը պաշտպանել է 2007 թ. ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում: Լ. Սահակյանը հեղինակ է «Կոմիտասագիտությունը հայ երաժշտագիտության մեջ» մենագրության (2010) և մի շարք գիտական հոդվածների, որոնք տպագրվել են հայ և արտասահմանյան պարբերականներում: Գիտական ուսումնասիրության ոլորտն ընդգրկում է կոմիտասագիտությունը, հայ երաժշտությունը, ինչպես նաև հայ և համաշխարհային երաժշտության փոխառնչության մի շարք հարցեր:
«ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԸ ԵՎ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ»
Կոմիտաս Վարդապետի կենսագրության մեջ կարևորվում է ֆրանսիական շրջանը: Կոմիտասը Փարիզում ծավալում է համերգային-լուսավորչական բուռն գործունեություն, ծանոթանում երաժշտական արվեստի նոր հոսանքներին, առնչվում է ֆրանսիական մշակույթի մեծանուն գործիչների հետ: Հայազգի մտավորականներից բացի՝ Վարդապետի գիտական ու ստեղծագործական գործունեությունը գնահատում ու լուսաբանում են ֆրանսիացի կոմպոզիտորներն ու երաժշտագետները: Զեկուցման շրջանակներում մենք փորձել ենք մեկտեղված ներկայացնել Կոմիտաս Վարդապետի կյանքի ֆրանսիական շրջանը, ֆրանսիացի գործիչների հետ Կոմիտասի առնչությունները և կոմիտասյան արվեստին տրված նրանց գնահատականները: