ԼՈՒՍԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ

Երաժշտագետ, կոմիտասագետ, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, դոցենտ: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժնի ասպիրատուրան: Ներկայումս ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի դոկտորանտ է: Գիտական թեզը պաշտպանել է 2007 թ. ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում: Լ. Սահակյանը հեղինակ է «Կոմիտասագիտությունը հայ երաժշտագիտության մեջ» մենագրության (Երևան, 2010) և մի շարք գիտական հոդվածների, որոնք տպագրվել են հայ և արտասահմանյան պարբերականներում: Գիտական ուսումնասիրության ոլորտն ընդգրկում է կոմիտասագիտությունը, հայ երաժշտությունը, ինչպես նաև հայ և համաշխարհային երաժշտության փոխառնչության մի շարք հարցեր:

ՌԻԽԱՐԴ ՎԱԳՆԵՐԸ ԵՎ ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԸ

Հայտնի է, որ գերմանացի ականավոր կոմպոզիտոր Ռիխարդ Վագների (1813-1883) ստեղծագործական կենսագրությունը հետաքրքրել է ոչ միայն իր ժամանակակիցներին, այլև հաջորդող սերունդների ներկայացուցիչներին, այդ թվում՝ կոմպոզիտորներին (Հեկտոր Բեռլիոզ, Պյոտր Չայկովսկի, Ֆերենց Լիստ), գրողներին և փիլիսոփաներին (Թոմաս Մանն, Շառլ Բոդլեր, Ֆրիդրիխ Նիցշե) և այլոց: Հայ իրականության մեջ Ռ. Վագների ստեղծագործությանն առաջին անգամ անդրադարձել է հայ ազգային երաժշտության դասական Կոմիտաս Վարդապետը: Կոմիտասը, ինչպեսև Վագները, ունիվերսալ հանճար էր՝ կոմպոզիտոր, երաժշտագետ, ֆոլկլորագետ, երգիչ, բանաստեղծ, մանկավարժ: Նա կրթություն է ստացել Գերմանիայում՝ Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում և Ֆրիդիրխ Վիլհելմ համալսարանում, որտեղ փիլիսոփայություն է ուսանել: Կոմիտասը ծանոթ էր Վագների ստեղծագործության հետ, իսկ գերմաներենի իմացությունը հնարավորություն էր տալիս նրան խորամուխ լինել կոմպոզիտորի երաժշտական լեզվի ինտոնացիոն-խոսքային առանձնահատկությունների մեջ: Ազգային ակունքների վրա հիմնված մտածողությունը մոտեցնում էր Վագներին և Կոմիտասին: Վարդապետի «Ռիխարդ Վագներ» հոդվածն անդրադառնում է «բայրոյթյան վարպետի» կենսագրության փաստերին, ինչպես նաև մեծ գերմանացու երաժշտական լեզվի առանձնահատկություններին: