«Ծառերի հիշողություն»

2016 թ․ հունվարի 29 – ապրիլի 29

Քեթրին Քուքի անհատական ցուցադրություն

«Ծառերի հիշողություն» նախագիծը Հայոց ցեղասպանության մասին երկար ու մանրակրկիտ պրպտումների արդյունք է: Լուսանկարչուհին կտրել է տարբեր երկրների սահմաններ՝ Թուրքիա, Սիրիա, Լիբանան, Հայաստան, Իսրայել, Ֆրանսիա, լուսանկարել Հայոց ցեղասպանության ականատեսներին` անշունչ և շնչավոր, ասել է թե՝ անխոս վկա դարձած տեղանքն ու վերապրածներին, որպեսզի ամբողջությամբ ըմբռնի այսօրվա քար լռության և անհաղորդ անտարբերության չափը։ Քեթրին Քուքը գտնում է իր նախագծի հիմնաքարը Թուրքիայի Աղաչլը գյուղում։ Այնտեղ քուրդ բնակիչները վերականգնել են հայերի մետաքսագործական ավանդույթը` նույնությամբ մշակելով և օգտագործելով տեղի թթենիների շերամը։ Քեթրին Քուքի արած մետաքսի բոժոժների լուսանկարները ներկայանում են որպես բանաստեղծական պատկերներ` խորհրդանշելով ժառանգականությունն ու վերածնունդը։

Մտահղացումը` Վարդան Կարապետյանի
Համադրող` Նայիրի Խաչատուրեան
Ցուցադրության խորհրդատու` Մարինե Հարոյան
Ձևավորող` Արսեն Կիրակոսյան