Կեյ Սաոտոմե
(դաշնամուր, Ճապոնիա)
Կեյ Սաոտոմեն ծնվել է Տոկիոյում, արվեստագետի ընտանիքում։ Ութ տարեկան հասակից Օլիվյե Մեսսիանի առաջարկով տեղափոխվել է Փարիզ: Որպես կատարող հանդես է եկել համերգներով և մասնակցել հեռուստատեսային բազմաթիվ հաղորդումների Ֆրանսիայում և Ճապոնիայում։ Տասնութ տարեկանում, որպես Միշել Բերոֆի ուսանող, Փարիզի երաժշտության բարձրագույն ազգային կոնսերվատորիայում արժանացել է առաջին մրցանակի: Կրթությունը շարունակել է Գերմանիայում, Ռուսաստանում և Շվեյցարիայում։ Նրա պրոֆեսորներն են եղել Քրիստին Պառաշոսը, Իգոր Լազկոն, Վիտալի Մարգուլիսը, Գեորգի Սեբոկը և Լև Նաումովը։ 1996 թ. Կեյ Սաոտոմեն տեղափոխվել է Ֆլորենցիա (Իտալիա), որտեղ ավարտին է հասցրել իր վերապատրաստումը Քլիվ Բրիտոնի, Պիեռո Ռատալինոյի, Վինչենցո Բալցանիի, Բրունո Կանինոյի և Պիեռ Նարկիզո Մասիի հետ (Էդվին Ֆիշերի աշակերտ)։
Կեյ Սաոտոմեն Կլարա Շումանի (Դյուսելդորֆ, 1994) և Ռոբերտ Շումանի (Ցվիկաու, 1996) անվան միջազգային մրցույթների դափնեկիր է: Նա համերգներով հանդես է եկել եվրոպական բազմաթիվ երկրների նշանավոր համերգասրահներում, ինչպես՝ ‟Salle Gaveau”, ‟Théâtre des Champs Elysées” (Փարիզ), ‟La Sala Verdi” (Միլան), ‟Teatro Comunale” (Ֆլորենցիա), ‟Tokio Bunka Kaikan”, ‟Jamaha” և ‟Casals” (Տոկիո), նաև՝ Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի և Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի դահլիճներում։ Մենահամերգներ և կամերային երաժշտության համերգներ է ունեցել Ճապոնիայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որպես մենակատար հանդես է եկել Ճապոնիայի Ֆիլhարմոնիկ և Ֆրանսիայի սիմֆոնիկ նվագախմբերի, Ռավեննայի (Orchestra della città di Ravenna), Միլանի Սամմարտինի (Orchestra Sammartini di Milano) նվագախմբերի, Բելլունոյի կամերային նվագախմբի (Orchestra da camera di Belluno), Հայաստանի պետական կամերային և այլ նվագախմբերի հետ։ Կեյ Սաոտոմեն որպես ժյուրիի անդամ մասնակցել է դաշնամուրային և կամերային երաժշտության միջազգային հեղինակավոր մրցույթներին, վարպետության դասեր է անցկացրել Ֆրանսիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում։ Իտալական ‟Phoenix Classics” ընկերությունը ձայնագրել է Ֆ. Շոպենի և Յ. Բրամսի ստեղծագործությունների նրա կատարումները: Ներկայումս Կեյ Սաոտոմեն դաշնամուրի պրոֆեսոր է Վիրոֆլեի ‟Versailles Grand Parc” կոնսերվատորիայում: