«ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ»

31 Հուլիսի 2023
komitasMuseum

«Կոմիտաս Վարդապետի գրքերն ու գույքերն իմ կարծիքովս պետք չէ ծախվին, այլ ամբողջությամբ պահվին, որպեսզի օր մը Երևանի Ազգային թանգարանը դրվին, այն սենյակում կամ բաժնին մեջ, որ Կոմիտասին պիտի հատկացվի անշուշտ», – գրել է Արշակ Չոպանյանը։
Ժամանակակիցների վկայությամբ՝ ուր էլ նա լիներ, անպայման այցելում էր տեղի բոլոր գրախանութները և նոտաների կրպակները՝ հարստացնելով իր գրադարանը նոր հրատարակություններով։ Կոմիտաս Վարդապետի խիստ ընդգրկուն անձնական գրադարանը մենագրությունների, գիտական հանդեսների, գեղարվեստական, նոտային, երաժշտագիտական և այլ գրքերի, պարտիտուրների, կլավիրների, դասագրքերի, ձեռնարկների ու ժողովածուների հարուստ ու բազմաան հավաքածու է։ Այն Հայաստան է տեղափոխվել 1933 թ․ և պահվում է Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի համատեղ այս երկլեզու հրատարակությունը ներկայացնում է Կոմիտասի անձնական գրադարանի գրքերը՝ բաժանված ըստ ժանրերի, ինչպես նաև ուշադրություն է սևեռում Կոմիտասի՝ ձեռագիր նշումներ պարունակող նմուշների վրա։
Գիրքը հրատարակվել է 2022 թ., աշխատասիրությամբ Մարինե Հարոյանի, Լիլիթ Հարությունյանի, Անի Մուշեղյանի, Նանե Միսակյանի և Դանիել Երաժշտի։ Այն կարելի է ձեռք բերել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գրախանութից։