ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ

գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան

Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը հիմնադրվել է 1937 թ.: 1961 թ.-ից երգչախմբի անփոփոխ գեղարվեստական ղեկավարը և դիրիժորն է պետական ԽՍՀՄ մրցանակի դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը:
Երգչախմբի համերգային երգացանկը հարուստ է և բազմազան: Այն ներառում է Բախի, Հենդելի, Մոցարտի, Վերդիի, Բեթհովենի, Չայկովսկու, Բորոդինի, Ռոսինիի, Վագների, Շուբերտի, Բելինիի, Բեռլիոզի, Գունոյի, Ֆորեի, Սմետանայի, Մենդելսոնի, Գերշվինի և այլ կոմպոզիտորների մեծ ու փոքր կտավի ստեղծագործություններ: Կոլեկտիվը հայտնի է նաև Կոմիտասի և այլ հայ դասական կոմպոզիտորների հիմնական ստեղծագործությունների մեկնաբանություններով:
Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը միշտ ներկայացրել է իր ծրագրերը բնագրով (27 լեզու): Երգչախմբի կարևորագույն ձեռքբերումներից են ԽՍՀՄ երգչախմբային մրցույթի առաջին մրցանակը և երգչախմբային ձայնագրու­թյունների Շառլ Գրո փարիզյան ակադեմիայի “Grand Prix” մրցանակը: Հ. Չեքիջյանի և նրա ղեկավարած երգչախմբի ձեռքբերումները և մասնագիտական վարպետությունը պարբերաբար դրական գնահատա­կանի են արժանացել միջազգային մամուլում (“Le Figaro”, “New York Times”, “The Boston Globe”, “Le Monde”, “Independent”, “Paris Mach”, “Meridional”, “Los Angeles Times”, “La Revue du Liban” և այլն): Մաեստրո Չեքիջյանի ղեկավարությամբ երգ­չախումբը 97 համերգ է ունեցել Լենինգրադում (Սանկտ Պետերբուրգ), մասնավորապես՝ Շոստակովիչի դահլիճում, այդ համերգներից 77-ը տեղի է ունեցել Լենինգրադի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցու­թյամբ: Երգչախումբը հանդես է եկել բազմաթիվ աշխարհահռչակ դահլիճնե­րում (Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճ, “Palais des Congres”, “La Sale Pleyel”, “Theatre des Champs-Elysees”, “Boston Symphonic Hall”, “Queen Elizabeth Hall”, “Westminster Methodist Center Hall” և այլն):
Երգչախմբի կարևոր ձեռքբերումներից է 1999 թ. Մոնտրյոյի (Շվեյցարիա) միջազգային փառատոնի «Ունկնդրի համակրանք» մրցանակը:
Երգչախմբի համերգներին մասնակցել են Իրինա Արխիպովան, Ելենա Օբրազցովան, Եվգենի Նեստերենկոն, Վլադիմիր Ատլանտովը, Մարիա Բիեշուն, Պաատա Բուրչուլաձեն, Նիկոլայ Պետրովը, Լյուբով Կազարնովսկայան և այլ հանրահայտ արտիստներ: