ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ

2000թ. հոկտեմբերին «Վաչէ և Թամար Մանուկեան» բարեգործական միության հովանավորությամբ ստեղծվեց Հայաստանի կամերային երգչախումբը (ՀԿԵ):
Որպես երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր հրավիրվեց բազմամյա փորձ ունեցող, «Մովսես Խորենացի» մեդալակիր, այնուհետև 2008թ.-ից ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանը, ում ղեկավարությամբ ՀԿԵ-ն կարճ ժամանակահատվածում ճանաչվեց Հայաստանի լավագույն կամերային երգչախումբ:
2008թ. երգչախումբն ստացավ պետական կարգավիճակ և վերանվանվեց Հայաստանի պետական կամերային երգչախումբ (ՀՊԿԵ):
ՀՊԿԵ-ը 35 երաժիշտներից կազմված պրոֆեսիոնալ երգչախումբ է, որի ծավալուն և բազմաբնույթ երգացանկում ընդգրկված են Ջ. Գաբրիելիի, Յ.Ս. Բախի, Յ. Բրամսի, Պ.Վասքսի, Ա. Շնիտկեի և այլ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները: ՀՊԿԵ-ը փայլուն կատարում է Կոմիտասի, ինչպես նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Երգչախումբը հանդես է եկել համաշխարհային պրեմիերաներով` կատարելով Տիգրան Մանսուրյանի, Դավիթ Հալաջյանի, Էդուարդ Հայրապետյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Միաժամանակ հայ ունկնդրին առաջին անգամ ներկայացրել է Բ. Բրիտենի, Ա. Շնիտկեի, Ռ. Շչեդրինի, Պ. Վասքսի, Ֆ. Պուլենկի, Կ. Դեբյուսիի և այլ ստեղծագործողների երգչախմբային արվեստի գլուխգործոցները:
Երևանում հաճախակի տեղի ունեցող համերգների հետ մեկտեղ ՀՊԿԵ-ն իրագործում է բարեգործական ծրագիր` բազմաթիվ ստեղծագործությունների կատարումներով հանդես գալով Հայաստանի շրջաններում` ներկայացնելով երգչախմբային արվեստը Հայաստանի լայն հանրությանը:
2006թ. մասնակցել է Իտալիայի Բերգամո քաղաքում` Դոնիցետիի օպերային թատրոնում կայացած ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնին: Նույն թվականին համերգներով հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի «Սպիտակ դահլիճում» (Белый зал) և Եկատերինյան պալատում, որով եզրափակվեց Ռուսաստանում Հայաստանի մշակութային տարին:
2007թ. երգչախումբը բացառիկ համերգով հանդես է եկել Ստրասբուրգի Եվրախորհրդի համերգային դահլիճում:
Կամերային երգչախմբի ամենամեծ ձեռքբերումներից մեկը կարելի է համարել համաշխարհային ճանաչում ունեցող ECM Records-ի թողարկած Եղիշե Չարենցի 10 բանաստեղծությունների հիման վրա գրված Տիգրան Մանսուրյանի ARS POETICA երգչախմբային կոնցերտի ձայներիզը, որը 2006թ. համաշխարհային երաժշտական գեղխորհրդի կողմից ստացավ 5 աստղ ամենաբարձր վարկանիշը:
Շարունակական մեծագույն ձեռքբերումը կարելի է համարել ն ա և ARS POETICA ձայներիզի մուտքը աշխարհի ամենահեղինակավոր The Gramophone երաժշտական կատալոգի մեջ, որը ներկայացնում է 1923թ.-ից մինչ այսօր անգերազանցելի հեղինակություն ունեցող դասական ձայներիզները:
2009թ. Կոմիտասի ծննդյան 140-ամյակի կապակցությամբ երգչախումբը Սաղմոսավանքում ձայնագրեց Կոմիտասի խմբերգերի ստվար ընտրանին` հոգևոր և աշխարհիկ երկեր: Նույն տարին երգչախումբը մեծ հաջողությամբ համերգ-դասախոսություններով հանդես եկավ Ֆրանսիայում և Շվեյցարիայում:
Հայաստանի պետական կամերային երգչախումբը 2011թ. նոյեմբերին չորս համերգով հանդես է եկել Կանադայի Տորոնտո, Նիագարա և Օտտավա քաղաքներում: 2011թ. և 2013թ. ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում բացառիկ հաջողությամբ ելույթներ է ունեցել Սմոլնի տաճարում ու կոնսերվատորիայի Գլազունովի անվան համերգասրահում՝ «Կոնսերվատորիական շաբաթ» միջազգային հեղինակավոր փառատոնի շրջանակներում:
2012թ. Դրեզդենի Ֆրաուկիրհե տաճարում տեղի ունեցավ ՀՊԿԵ-ի և Դրեզդենի Ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ համերգը: