«Հասկաքաղ»

2018 թ. մայիսի 11 – դեկտեմբերի 11-ը

Բանահյուսությունը վաղնջական ժամանակներից սերնդեսերունդ փոխանցված բանավոր կերտվածք է, որը մարդու ամենօրյա կյանքի ու կենցաղի անբաժան ուղեկիցն է եղել։ Լինելով միաժամանակ թե՛ առօրյայի վկայություն, թե՛ հավաքականության դրսևորում և թե՛ գեղարվեստական արտահայտություն կամ երկ, բանավոր արվեստի բազմատեսակ անհեղինակ ստեղծագործություններն ամփոփում են մեզ նախորդած բազմաթիվ սերունդների պատմությունները, ավանդույթները, նրանց հոգեկերտվածքի և գեղարվեստական աշխարհընկալման առանձնահատկությունները։ Այս տարրերը միահյուսվելով՝ ստեղծում են մարդկության կենսափորձի մի հարուստ շտեմարան։

Միհրան Թումաճանը իր կյանքի ողջ ընթացքում նվիրվեց հայ բանահյուսության հավաքման գործին։ Նա շարունակեց իր ուսուցչի՝ Կոմիտաս Վարդապետի առաքելությունը՝ մի շարք երկրներում (ԱՄՆ, Ֆրանսիա, Բուլղարիա)՝ արևմտահայ գաղթականներից գրառելով հսկայածավալ նյութ և անմահացնելով հարազատ միջավայրից պոկված և օտարության մեջ նրանց հուշերում ապրող բանարվեստի նշխարները։ «Հասկաքաղ. Միհրան Թումաճան (1890-1973)» ցուցադրությունը նպատակ ունի ներկայացնելու երախտավոր բանագետի կյանքի և գործունեության ուղին, այն ժամանակաշրջանը, ինչպես նաև այն միջավայրը, որտեղ նա քաղել է հայրենի բյուր հասկեր: Ցուցադրությունը ներառում է Հայաստանի և ԱՄՆ-ի արխիվներում պահվող բազմաթիվ նմուշներ, այդ թվում՝ անձնական իրեր, լուսանկարներ, նամակներ, փաստաթղթեր, ձեռագիր և մեքենագիր նյութեր, արխիվային և նոր երաժշտական կատարումներ, որոնք առաջին անգամ են ներկայացվում հանրությանը։

Ցուցադրությունը բաց է ամեն օր` բացի չորեքշաբթի օրվանից, մայիսի 11-ից դեկտեմբերի 11-ը։

Ցուցադրության բացումը տեղի կունենա մայիսի 10-ին` ժամը 17։00-ին։ Մուտքը` հրավիրատոմսերով։

Համադրող` Նայիրի Խաչատուրեան