ՀԵԼՄՈՒՏ ԶԱՆԴԵՔ

Բժիշկ-ախտաբան, կովկասագետ, հայագետ: 1980 թ. Բադ Բերկայի (Թյուրինգիա) միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1982-1988 թթ. բժշկություն է ուսանել Լայպցիգում՝ ստանալով դիպլոմավորված բժշկի որակավորում: 1988-89 թթ. Այզենախում օժանդակ կրթություն է ստացել եկեղեցական երաժշտության ոլորտում՝ որպես երգեհոնահար: Աշխատել է Հալլեի Շրջանային հիվանդանոցում (հետագայում՝ «Մարթա Մարիա» քաղաքային հիվանդանոց) որպես բժիշկ-ասիստենտ (1988-1997), ապա՝ որպես բժիշկ-ախտաբան: 1998-2010 թթ. պաշտոնավարել է որպես գլխավոր բժիշկ՝ Նորվեգիայի Թրոնդհայմ քաղաքի Ս. Օլաֆ հիվանդանոցում: 2010-2016 թթ. երկրորդ բարձագույն կրթությունն է ստացել Նորվեգիայում և Շվեդիայում: 2012-ին ստացել է բակալավրի գիտական աստիճան՝ դասական հնագիտության, հնագույն շրջանի պատմության և կովկասագիտության բնագավառում (Գյոթեբորգի համալսարան և Մալմյոյի բարձրագույն դպրոց, Շվեդիա): 2016-ին բակալավրի աստիճան է ստացել սկանդինավյան ուգրոֆիննական լեզուների հետազոտության ոլորտում (Նորվեգիայի Տրոմսյո համալսարան): 2014-ից մինչ օրս սովորում է Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի համալսարանի կովկասագիտության բաժնի մագիստրատուրայում և հայագիտություն է ուսանում Հալլեի Մարտին Լյութերի համալսարանում: Հանդես է եկել կովկասագիտությանն ու լեզբավանությանն առնչվող զեկուցումներով:

ՕՍԿԱՐ ՖԼԱՅՇԵՐԸ ԵՎ ԿՈՄԻՏԱՍԸ

Օսկար Ֆլայշերը (1856-1933) երաժշտագիտության երեք դասախոսներից մեկն էր Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանում, որտեղ Կոմիտասը 1897-1899 թթ. դասընթացների է հաճախել: Այն ընթացքում, երբ ինչպես Ֆյալշերը, այնպես էլ Հայնրիխ Բելլերմանը (1832-1903) այլ թեմաների հետ մեկտեղ զբաղվում էին գլխավորապես միջնադարյան երաժշտությամբ, բյուզանդական նևմերը Ֆլայշերի գիտական գործունեության առանձնահատուկ ոլորտն էին ներկայացնում: Կոմիտասը Վաղարշապատի Գևորգյան ճեմարանում արդեն իսկ գիտելիքներ էր ստացել միջնադարյան հայկական խազային նոտագրության մասին, որոնց բանալին, այդուհանդերձ, դարերի ընթացքում կորսվել էր: Ֆլայշերի ղեկավարությամբ երաժշտական հնագրություն (պալեոգրաֆիա) և նոտագրության արվեստ ուսանելով նա հույս էր փայփայում խազերի վերծանման բանալին գտնել: Այդ խնդրի վրա Կոմիտասն աշխատել է նաև իր ուսմանը հաջորդող տարիներին և ըստ հավաստի աղբյուրների ընդհուպ մոտեցել էր խնդրի լուծմանը: Ժողովրդական երգի ուսումնասիրության բնագավառում ևս Ֆլայշերը Կոմիտասի համար բանիմաց դասախոս էր, որը վստահաբար ոգևորված լինելով Կոմիտասի երաժշտական գիտելիքներով և ունակություններով՝ ոգեշնչում էր նրան շարունակելու ժողովրդական երգի ուսումնասիրությունը: Հաջորդող տարիներին դա արտացոլվեց Կոմիտասի՝ ժողովրդական երգի հավաքման և հրատարակման ծավալուն գործունեության մեջ: Բեռլինում քրդական ժողովրդական եղանակների կամ որևէ այլ թեմայի շուրջ Կոմիտասի դիպլոմային աշխատանքի մասին տեղեկությունները մտացածին են թվում, թեև նման աշխատանքի առկայությունը լավագույնս կհամապատասխաներ այն հանգամանքին, որ Հալլեում Ֆլայշերի դասավանդած առարկաներից մեկն իրանագիտությունն էր և Կոմիտասը, անկասկած, պետք է որ հետաքրքրված լիներ այդ թեմայով:
Ուսումը Բեռլինում շատ արդյունավետ էր: Այն կարող էր է՛լ ավելի լայնածավալ ազդեցություն ունենալ, եթե մարդակործան իշխանատենչ գաղափարախոսությունը Կոմիտասի, ինչպես նաև Ցեղասպանության բազմաթիվ այլ զոհերի խոստումնալից զարգացումը շեշտակի չընդհատեր: