Հովհաննես Թումանյանին 1908, 8 հունիսի, Ս. Էջմիածին

Սիրելի՜ Յովհաննէս,
Էջմիածին չեկար, մոծակից վախեցար. էդ պիծի մոծակն ի՞նչ է, որ մարդս նորանէն վախենայ, ես քեզ այնպիսի տեղ տայի, որ մոծակ չէ, մոծակի աղբէրն իր ճտերով չէր կարող մուտք գործել:
Բան չունեմ ասելու: Ուզում ես Դիլիջան, բարի. դաշնամուրի հոգ մի՜ անիր. իմ գալու կամ քո գալուդ նպատակն է լինելու միայն եւ եթ բառերը՝ բանաստեղծութիւնը լրացնել դերակատարներով եւ երգերով, մի խօսքով կազմել լիբրէթթօն: Իսկ միւս բաները՝ երաժշտականը կը կազմեմ ես միայն Էջմիածնում, ուր իմ սենեակում հարկաւոր յարմարութիւններն էլ կան ինձ համար:
Մանրամասն ծրագիրներս կը պատմեմ, երբ տեսնուենք, շատ դժուար է երաժշտութեան մասին գրով խօսել-բացատրուելը:
Առ այժմ ես էլ եմ զբաղուած մինչեւ ամսիս վերջը շտապ գործեր ունեմ հասցնելու եւրոպական թերթերի համար, յետոյ մասամբ ազատ եմ: Ես որոշել եմ այս ամառն անցնել Էջմիածնում, բայց մի 10 օրով կը գամ Դիլիջան մինչեւ Անուշը լրացնենք:
Իշխանուհի Թումանեանին յատկապէս բարեւներս յիշիր:
Քեզ, տիկնոջ, ճտիկներիդ էլ մի բոլ գնացքով սիրալիր ողջոյններս:
Համբոյրներով
քո Կոմիտաս Վարդապետ