Հով ու ծով Սէր

Կապոյտ երկինքն էր եռում,
Կարմիր երկիրն էր ջեռում.
Հուր ու Հարաւ հեւ ու հեւ
Թախիծ ու տօթ էր բերում։

Հոգիս եկաւ հովի պէս,
Սէրը սրտում ծովի պէս.
Ծոցին վարդեր՝ ասաց. – Տե՜ս,
Քեզ սիրելու եկայ ես։

Վարդ ու քըրքում էր բուրեց.
Սիրտըս սըրտում գուրգուրեց.
Արեւ-Լուսին պագերով՝
Երազ-երազ համբուրեց։

Հոգի՜ս, ասաց ու ծըռեց.
Ծամեր բացաւ ու փըռեց.
Ստինք-ստինք փարելով՝
Յոյզըս մարաւ ու լըռեց։