ՄԱՐԳԱՐԻՏԱ ՔԱՄԱԼՅԱՆ
Արվեստաբան, արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի բաժնի ավագ գիտաշխատող, նույն ինստիտուտի գիտքարտուղար: Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժինը և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ասպիրանտուրան: 2013 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Ժան Գառզուի բեմանկարչությունը» թեմայով և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան: Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է, միջազգային և հանրապետական գիտաժողովների մասնակից: Գիտական հետաքրքրությունների ոլորտը ներառում է XIX-XX դարերի հայ կերպարվեստի պատմության և տեսության հիմնահարցերի, հայ սփյուռքի, մասնավորապես ֆրանսահայ կերպարվեստի ուսումնասիրությունը:
ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Անգնահատելի է մեծ կոմպոզիտոր, գիտնական, ազգանվեր գործիչ, խմբավար, մանկավարժ, երգիչ Կոմիտաս վարդապետի ներդրումը հայ երաժշտական արվեստի և երաժշտագիտական մտքի զարգացման մեջ: Կոմիտասի գործունեության, նրա թողած ժառանգության հրատարակումը և ուսումնասիրությունը մեծ հոգատարությամբ և եռանդով ստանձնել են երաժշտագետները: Միևնույն ժամանակ հայ երաժշտագիտական մտքի տիտանը գրավել է նաև հայ գրողների և կերպարվեստագետների ուշադրությունը, որոնք ձոնել են բանաստեղծություններ, գրել պոեմներ, կերտել ոճական և տիպաբանական բազմազանությամբ աչքի ընկնող, հայ հանճարին կերպավորող դիմապատկերներ:
Սույն զեկուցման նպատակն է ներկայացնել Կոմիտասի կերպարը պատկերող գեղանկարչական և գրաֆիկական այն ստեղծագործությունները, որոնցում շեշտադրվում է նրա հոգևոր և մտավոր ներուժը: Քննվում են Եղիշե Թադևոսյանի, Գևորգ Գրիգորյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Խաչատուր Եսայանի, Վալենտին Պոդպոմոգովի, Էդուարդ Արծրունյանի, Ռոբերտ Էլիբեկյանի, Ստեփան Թարյանի, Հրահատ Գրիգորյանի, Երեմ Սավայանի, Կարապետ Գյոկչյանի, Արամ Դավթյանի, Ռուբեն Արուտչյանի և այլոց աշխատանքները: Դրանք աչքի են ընկնում գեղարվեստական արտահայտչալեզվի, կոմպոզիցիոն և իմաստային որոշակի ընդհանրություններով: Արտաքին միջավայրի աղքատացումը, կերպարը բնութագրող ատրիբուտների բացակայությունը կամ խիստ սակավությունը, գեղարվեստական լեզվի լակոնիզմը դիտողին ստիպում են վերացարկվել, մուտք գործել այլ չափում, հոգու և մտքի ասպարեզ: Նրանք ներկայացնում են Կոմիտասին մտահայեցողության, հոգեկան հուժկու խռովքի պահերին, շեշտադրում են վարդապետի բնավորության ողբերգական և վեհ կողմերը: Ի տարբերություն Խաչատրյանի, Եսայանի, Գրիգորյանի, Թադևոսյանի և այլոց կամերային գործերի, որոնցում բացահայտվում է Կոմիտասի հոգեբանական կերպարը, Գյոկչյանի, Դավթյանի, Պոդպոմոգովի և Արծրունյանի ստեղծագործություններում ժամանակավորն իր տեղը զիջում է հավերժությանը, իսկ անհատականը՝ տիպականին: Նրանք հասնում են գաղափարական և խորհրդանշական ընդհանրացմանը՝ ներկայացնելով վարդապետին որպես մեծ մտավորականի, լուսավորչի և նահապետի հավաքական կերպար: