ՄԱՐԻՆԱ ԵԳՈՐՈՎԱ

Բանասիրական գիտությունների թեկնածու, Սանկտ Պետերբուրգի Ն․ Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայի Հին ռուսական երգչական արվեստի ամբիոնի դոցենտ։ Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանում 1996-ին։ Հեղինակ է մենագրության, չորս դասագրքերի, մի շարք հոդվածների։ Գիտական հետաքրքրությունների շրջանակում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են հին ռուսական գրականության պատմությունը, միջնադարյան հոգևոր տեքստերի հռետորաբանությունն ու պրագմատիկան, բյուզանդական հայրաբանական գրականության և հիմներգության սլավոնա-ռուսական թարգմանությունները, Հին Ռուսաստանի վանական մշակույթը, երաժշտական հիերոտոպիան միջնադարյան մշակույթում, միջնադարյան ռուսական երգերի տեքստաբանությունն ու հերմենևտիկան, քրիստոնեական եկեղեցու միջնադարյան հոգևոր պրակտիկաների համեմատական հետազոտությունը:

ՈՏՆԼՎԱՅԻ ԿԱՐԳԸ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ. ՏԵՔՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ VS ՀԵՐՄԵՆԵՎՏԻԿԱ
(ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ)

Զեկուցումը նվիրված է Ավագ հինգշաբթիի հոգևոր երգասացություններին՝ ներառված Ոտնլվայի կարգում, որի հիմքում Հովհաննու Ավետարանի հայտնի դրվագն է (Գլուխ 13, 3-30): Ինչպես հայտնի է, կարգը երկարատև պատմություն ունի տարբեր դավանանքների հոգևոր պրակտիկաներում: Ուսումնասիրության առիթ է դարձել քննվող կարգի դիտարկումը XI-XIV դդ. ձեռագրերում, որոնք ընդգրկում են եռականոն սաղմոսագրքի արարողությունները: Տվյալ կարգի կառուցվածքի և դրամատուրգիայի, հովվապետի կողմից եկեղեցական սպասավորների ոտքերի լվացումն ուղեկցող բազմաժանր հիմներգական տեքստերի սկզբնական համեմատական վերլուծությունը ցույց տվեց, որ բյուզանդական հոգևոր ավանդույթներում այս կարգի մատուցման տարբերությունները նույնքան նշանակալից են, որքան միջնադարյան Ռուսական եկեղեցու պաշտամունքային պրակտիկայում: Տեքստաբանական ուսումնասիրության արդյունքում եկանք այն եզրակացությանը, որ Ոտնլվայի կարգի կառուցվածը շարժուն է: Կառուցվածքի նման տարբերակվածությունը, ինչպես ապացուցում է հեղինակը, պայմանավորված է հենց ծիսակարգի իմաստաբանությամբ, որը կոչված էր ոչ այնքան հիշեցնելու ավետարանական դրվագի մասին, որքան ակտուալիզացնելու այն՝ քրիստոնեական տաճարի սրբազան տարածքում: Ոնտլվայի սյուժեի՝ հեղինակի վերլուծած բազմաթիվ պատկերները Ավետարաններում, սրբապատկերներում, քրիստոնեական եկեղեցիների պատերը զարդարող որմնանկարներում ու խճանկարներում, բարձր իկոնոստասների տոնական շարքերում, ծիսական անոթների և գործվածքների վրա վկայում են լվացման կերպարի բարդ խորհրդաբանության մասին:
Հետագա ուսումնասիրության խնդիրը կարգի երաժշտաբանաստեղծական տեքստերի գեղարվեստական առանձնահատկությունների բնորոշման փորձն էր, որոնք նպաստում էին ծեսի խորհրդաբանական մեկնությանը, իսկ այդ ծեսը միջնադարյան արվեստում ամենևին էլ բառացի չէր «վերծանվում»: Երգասացությունների ինչպես հունական, այնպես էլ ռուսական տարբերակներում երաժշտական տեքստը դիտարկվում է որպես հերմենևտիկայի միջոց, որը մեկնաբանում է աստվածաշնչյան պրետեքստը ծեսի և այն տարածքի համատեքստում, որում նա ծավալվում է:
Համեմատական հետազոտությունը թույլ է տալիս եզրակացնել, որ երկու հոգևոր ավանդույթներում կարգի բացառապես տեքստաբանական վերլուծությունը բավարար չէ: Այն անպայման պետք է լրացվի, նախևառաջ, հայկական, վրացական, լատինական ձեռագրերի լայն ներգրավման (հաշվի առնելով տարբեր հոգևոր ավանդույթների առանձնահատկությունները), և այնուհետև՝ Ոտնլվայի կարգի մեջ ներառված երաժշտաբանաստեղծական տեքստերի գեղարվեստական լեզվի բազմակողմանի վերլուծության շնորհիվ: Միայն կարգի համակողմանի ուսումնասիրությունը հնարավորություն կտա լայն պատկերացում կազմել դրա հիմներգության հիմքում ընկած իմաստաբանական արքետիպերի մասին, որոնք, ըստ ամենայնի, ունիվերսալ նշանակություն ունեն ամբողջ քրիստոնեական աշխարհի համար: