ՄԱՐԻՆԱ ԵԳՈՐՈՎԱ
Բանասիրական գիտությունների թեկնածու, Սանկտ Պետերբուրգի Ն. Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայի Հին ռուսական երգչական արվեստի ամբիոնի դոցենտ։ Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում 1996-ին։ Հեղինակ է մենագրության, 4 դասագրքերի, մի շարք հոդվածների։ Գիտական հետաքրքրություններն ընդգրկում են հին ռուսական գրականության պատմությունը, միջնադարյան տեքստերի հռետորաբանությունն ու պրագմատիկան, բյուզանդական հայրաբանության սլավոնա-ռուսական թարգմանությունները, բյուզանդական և ռուսական ագիոգրաֆիան, արևելյան քրիստոնեական ծիսական գրականության բանաստեղծական արվեստը, Հին Ռուսաստանի վանական մշակույթը։
«ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԻԵՐՈՏՈՊԻԱՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ. ԶՆԱՄԵՆՆԻ ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ»
Զեկուցումը նվիրված է երաժշտական հիերոտոպիային, որն, ըստ հեղինակների, միջնադարյան ծիսական ավանդույթի առավել նշանակալի տարրերից է: «Հիերոտոպիա» եզրը գիտական շրջանառության մեջ է դրել Ա. Լիդովը, որի ենթադրության համաձայն՝ միջնադարյան մշակույթում գոյություն է ունեցել սրբազան տարածքի հետ կապված յուրահատուկ պրակտիկա: Ըստ էության՝ հիերոտոպիան տարածական պատկերների ստեղծման միջնադարյան առանձնահատուկ արվեստ է, որոնց խորհրդանշականությունը ուժգնացված է ծիսագիտական համատեքստով: Այդ տարածական պատկերները ներառում են տարբեր բաղադրիչներ՝ տաճարի ներքին տարածությունը, սրբապատկերները, ծիսական հանդերձանքը, լույսի կիրառումը, ծիսական գործողությունը, երաժշտությունը և այլն:
Վերջին տարիների աշխատանքների վերլուծությունը ցույց է տալիս, որ հին ռուսական երգեցողության ավանդույթի նշանակալիության խնդիրը ժամանակակից միջնադարագիտական ուսումնասիրություններում շարունակում է չներկայացված մնալ: Սույն աշխատանքը՝ հիմնված XVI-XVII դդ. ռուսական նոտագրված ձեռագրերի նյութի վրա, կոչված է պատասխանելու հետևյալ հարցերին: Ինչպիսի՞ն է հին ռուսական մոնոդիայի գեղարվեստական հնարների դերը տարածական կերպարների ստեղծման գործում: Ինչպե՞ս է դրսևորվում բազմաշերտ փոխազդեցությունը զնամեննի երգասացության երաժշտական և խոսքային կառուցվածքների միջև: Ինչպե՞ս կարող են երաժշտական ինտոնացիայի, ռիթմի զանազան նրբերանգները, մեղեդիական հակադրություններն ու նմանությունը մասնակցել սրբազան տարածքի ձևավորման ընթացքին:
Այս համատեքստում կարևոր է դիտարկել հին ռուսական երգասացությունները որոշակի տեսանկյունով. քրիստոնեական տաճարի ինտերիերում առավել նշանակալի տարածքները բավական հաճախ սրբերի գերեզմաններն են: Պաշտվող սրբի, հոգևոր առաջնորդի (ինչպես, օրինակ, Պյոտր Մոսկովսկի սրբազանի) կամ մենաստանի հիմնադիր-վանականի (ինչպես սուրբ Կիրիլ Բելոզյորսկին կամ Սերգեյ Ռադոնեժսկին) կամ անգամ կրոնախևի (ինչպես սուրբ Վասիլի Բլաժեննին) ճոխ զարդարված տապանները հրաշագործությունների աղբյուր էին դառնում, որոնք փառաբանվում էին բազմաթիվ հիմներգական տեքստերում: Զեկուցման հեղինակները ներկայացնելու են, թե միջնադարյան երաժշտական բնագիր-ձեռագրերում արձանագրված զնամեննի երգեցողությունը ինչպես էր օգտագործվում հին ռուսական երգեցողների կողմից՝ որպես հերմենևտիկայի գործիք և, միաժամանակ, որպես հիերոտոպիայի՝ սրբի գերեզմանոցի սրբազան տարածքի ստեղծման կարևոր միջոց: