Մարկ Արեն, Վիլ-Էվրար, գրքի շնորհանդես

Մայիսի 31, 2018

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» բեսթսելերի հեղինակ Մարկ Արենի նոր՝ «Վիլ-Էվրար» գրքի շնորհանդեսը և երկար սպասված հանդիպումը գրողի հետ տեղի կունենա մայիսի 31-ին, ժամը՝ 18:00, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում (Արշակունյաց 28):

1921թ… Ռուս հանճարեղ շախմատիստ Ալյոխինը լքում է Ռուսաստանը, Մյունխենի Կրոնե կրկեսում հավաքվում են տխրահռչակ բազմահազար դահիճները, նորաձևության ապագա թագուհին՝ տիկին Կոկոն, ասպարեզ է հանում ՇանելN:5-ը, հոգեբուժության պրոֆեսոր Ֆոսթերը, ով ներշնչել էր Հիտլերին նրա գերմարդ լինելու միտքը և դրանով ոչնչացման դատապարտել իր միլիոնավոր հրեա ազգակիցներին, մահապատժից փրկում է հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանին, աշխարհահռչակ Սենսանսը ելույթ է ունենում Փարիզում իր վերջին համերգով:

Եվ հենց այդտեղ՝ Փարիզում, Վիլ-Էվրար հոգեբուժարանում, անքուն գիշերներ է լուսացնում նրա վաղեմի ընկեր Կոմիտասը…

Ժամանակակից հայ երաժշտության հիմնադրի կյանքի ուղու տվյալ հատվածը ծածկված է թանձր մշուշով, ուստի հեղինակի խոսքերով՝ չկա ապացույց, որ այս պատմության իրական և հորինված հերոսների ճակատագրերը այդպես խաչաձևել են: Բայց հենց նույն այդ պատճառով որևէ մեկը չի կարող այն հերքել՝ ասելով, որ այս պատմությունը ճշմարիտ չէ…

Մոսկվաբնակ ժամանակակից արձակագիր Մարկ Արենի (Կարեն Մարգարյան) «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» գիրքը արդեն 5 տարուց ավել գլխավորում է գեղարվեստական գրքերի բեսթսելերների ցանկը, 2017 թ. ճանաչվել է Արմենպրես տարվա բեսթսելեր:

Շնորհանդեսի ընթացքում հեղինակի գրքերը կարող եք ձեռք բերել ՀԱՏՈՒԿ գնով և իհարկե հեղինակի ինքնագրով («Վիլ-Էվրար»՝ 1950դր., «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»՝ 1550դր.):
Շնորհանդեսի երաժշտական մասում ելույթ կունենան դաշնակահար Մարինա Գևորգյանը և սոպրանո Հասմիկ Բաղդասարյանը
Վարող՝ Լուսինե Բադալյան

Մուտքն ազատ է