ՄՀԵՐ ՆԱՎՈՅԱՆ

Երաժշտագետ-միջնադարագետ, արվեստագիտության դոկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական գծով պրոռեկտոր, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Ժողովրդական երաժշտության բաժնի ղեկավար, ավագ գիտաշխատող, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի Գիտական խորհրդի նախագահ, «Գեղարդ» երգեցիկ խմբի գեղարվեստական ղեկավար:
Հեղինակ է 2 մենագրության` «Տաղերի ժանրի ծագումնաբանությունը և ազատ մեղեդիական մտածողության դրսևորումը հայկական միջնադարյան մասնագիտացված երգարվեստում» (2001), «Դրվագներ հայ երաժշտության պատմությունից» (2009), և շուրջ 40 գիտական հոդվածների, որոնք տպագրվել են հայկական և միջազգային պարբերականներում, գիտական ժողովածուներում և տարեգրքերում: Գիտական ուսումնասիրության շրջանակն ընդգրկում է հայ երաժշտական միջնադարագիտությունը, Ութձայն համակարգին առնչվող մի շարք հարցեր:

«ՀԱՅ ԱՇԽԱՐՀԻԿ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՄԵԿ ԴՐՈՒՅԹԻ ՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ»

Կոմիտասի մի շարք սկզբունքային մոտեցումների շնորհիվ XIX դարի վերջին և XX դարի սկզբին հայ ավանդական երաժշտական մտածողությունը ներառվեց հայկական ինքնության հարացույցի մեջ:
Նրա առաջադրած երաժշտագեղագիտական, տեսական դրույթներից մեկն այն ձևակերպումն էր, որով հայ ավանդական երաժշտության աշխարհիկ և հոգևոր ճյուղերը դիտարկվեցին քրոջ և եղբոր ազգակցության օրինակով: Այս պարզ թվացող դրույթը թե́ այն ժամանակ, թե́ այսօր խիստ կարևոր նշանակություն ունի: Մինչև XIX դարի երկրորդ կես թե՛ հայոց լեզուն, թե՛ մշակույթի այլ ճյուղեր, այդ թվում և երաժշտությունը, դեռևս դիտվում էին արևելյան այլ մշակույթների շրջագծում, հաճախ որպես ածանցյալ կամ տիպական հատկանիշներից զուրկ դրսևորումներ։ Հայ երաժշտական մտածողության հիմնական առանձնահատկությունների, հայ երաժշտական մշակույթի տարբեր ճյուղերի հիմնարար ընդհանրությունների բացահայտման տեսանկյունից խիստ կարևոր էր կոմիտասյան այս մոտեցումը։ Քրոջ և եղբոր ազգակցության դրույթը նախ հայ երաժշտական մշակույթի տարբեր ճյուղեր դիտարկում է որպես երաժշտական մտածողության մեկ միասնական համակարգի արտահայտություն, ապա՝ բացառում դրանցից որևէ մեկի ներմուծովի կամ օտար բնույթը:
Կոմիտասի դերակատարությունը հայ երաժշտության պատմության մեջ բացառիկ եղավ նաև այն առումով, որ նա իր առաջ քաշած գաղափարները հիմնավորեց և կառուցեց երաժշտագիտական–տեսական հետազոտությունների արդյունքների վրա: Այդ օրինաչափությունների դիտարկումը տեսական հետազոտության արդի մեթոդների կիրառումով ևս կարող է հավելյալ կռվաններ ապահովել կոմիտասյան դրույթների հիմնարար բնույթը փաստելիս: Հարցը նորովի քննելիս որպես համեմատելիներ ընտրել ենք «Սասնա ծռեր» էպոսի երգվող հատվածների կոմիտասյան ձայնագրությունների վերաբերյալ առկա ուսումնասիրության (հետազոտությունը՝ Տ. Շախկուլյանի և Է. Բիզեզիի) ու Ս. Գրիգոր Նարեկացու տաղերի կոմիտասյան գրառումների համարժեք ուսումնասիրության (հետազոտությունը՝ Մ. Նավոյանի և Է. Բիզեզիի) արդյունքները: