ՄՀԵՐ ՆԱՎՈՅԱՆ

Երաժշտագետ-միջնադարագետ, արվեստագիտության դոկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Ժողովրդական երաժշտության բաժնի ղեկավար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի Գիտական խորհրդի նախագահ, «Գեղարդ» երգեցիկ խմբի գեղարվեստական ղեկավար: Հեղինակ է 2 մենագրության` «Տաղերի ժանրի ծագումնաբանությունը և ազատ մեղեդիական մտածողության դրսևորումը հայկական միջնադարյան մասնագիտացված երգարվեստում» (Երևան, 2001), «Դրվագներ հայ երաժշտության պատմությունից» (Երևան, 2009), և շուրջ 40 գիտական հոդվածների, որոնք տպագրվել են հայկական և միջազգային պարբերականներում, գիտական ժողովածուներում և տարեգրքերում: Գիտական ուսումնասիրության շրջանակն ընդգրկում է հայ երաժշտական միջնադարագիտությունը, Ութձայն համակարգին առնչվող մի շարք հարցեր:

ԿՈՄԻՏԱՍԻ ԴԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է։ Այս ձևակերպումն արդեն իսկ ենթադրում է եվրոպական երաժշտական մշակույթի մի շարք տիպական իրողությունների արմատավորման, տեղայնացման, դրանց ազգային գեղարվեստական կերպի ստեղծման բարդ գործընթացների վերջնական բյուրեղացում։ Այն, առհասարակ, Արևելք-Արևմուտք մշակութային օրգանական սինթեզի լավագույն օրինակներից է։
Մյուս կողմից այդ բարդ խնդիրների լուծումն ունեցավ հետազոտական, գիտական ընդհանրացումների ամուր հիմք, որի վրա հստակեցվեցին ազգային երաժշտական մտածողության առանձնահատկությունները և դրանց բաղդատելիությունն ու համարժեքությունը հայ մշակույթի մյուս հիմնաքարային տարրերի հետ։ Արդյունքում երաժշտության ազգային բնույթի կոմիտասյան ձևակերպումը դարձավ հայկական ինքնության կարևորագույն ցուցիչներից մեկը և հենց Կոմիտասի կողմից ձևակերպվեց որպես ազգային ինքնագիտակցության հարացույցի բաղադրիչ։
Այս ձևաչափի մեջ Կոմիտասն ու իր ժառանգությունն այլևս միայն երաժշտության պատմության իրողություններ չեն, այլ առավել լայն պատմական նշանակություն ունեցող անձ ու գործ։