ՄՀԵՐ ՆԱՎՈՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆԻ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ

Ազգայինի ընդգծվածությունը Կոմիտասի ժառանգության մեջ պայմանավորում է նրա տեղն ու դերը հայ երաժշտության պատմության մեջ։ Հենց այս հանգույցի շուրջ է ձևակերպվում նրա հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր լինելու պատմական դերը։ Ազգայինը որպես ստեղծագործական և աշխարհայեցողական ելակետ Կոմիտասի ժառանգության մեջ ունի հիմնավորման երկու առանցք։ Եթե հայ մշակույթի հարուստ շերտավորումներին նրա բազմակի անդրադարձերը ակներև են և, ըստ էության, դրանց վրա է խարսխված իր ստեղծագործական և գիտական ժառանգության գրեթե ողջ համալիրը, ապա զուտ գաղափարական կողմնորոշումը՝ հանդեպ այդ շերտերը, դրանց կարևորումը տեսական մակարդակի վրա, ստեղծագործության համար ելակետային դիտարկելը և ընդգծելը իր գիտական հետաքրքրությունների դաշտում, պայմանավորված է այլ հիմքով՝ XVIII-XIX դդ. եվրոպական մշակութային միջավայրի ազդեցությամբ։ Ընդսմին, այդ եվրոպական մոտեցումների որդեգրումը Կոմիտասի կողմից կարող էր լինել թե՛ միջնորդավորված, որպես իր նախորդների կողմից արդեն որդեգրված աշխարհայացք, սկզբունք, որ Քրիստափոր Կարա-Մուրզայից, Մակար Եկմալյանից և մյուսներից փոխանցվել էր իրեն, թե՛ ուղղակի՝ որպես գերմանական ռոմանտիզմի գաղափարական հիմքերի տարաբնույթ ընկալումների արդյունք, որ կարող էր ժառանգվել իր գերմանացի ուսուցիչներից, գերմանական արվեստից ու մինչև Յոհան Գոտֆրիդ Հերդեր հասնող տեսական հիմնավորումներից։