ՆԱՆԵ ՄԻՍԱԿՅԱՆ
Երաժշտագետ-միջնադարագետ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտաշխատող: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության և կոմպոզիցիայի բաժինները։ Տպագրել է հոդվածներ, զեկուցումներոով հանդես եկել միջազգային գիտաժողովներում: Զբաղվում է մանկավարժական գործունեությամբ: Ն. Միսակյանի գիտական ուսումնասիրությունն առնչվում է հայ հոգևոր երաժշտության, մասնավորապես, հայկական Ութձայն համակարգի հետ կապված մի շարք հիմնախնդիրներին։ Գիտական հետաքրքրությունների շրջանակում են նաև հայ հոգևոր երգաստեղծության և հայ կոմպոզիտորական արվեստի փոխառնչության հարցերը:
ՈՒԹՁԱՅՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԸՍՏ ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՐՄԱՇԱԿԱՆ ԵՐԿՈՒ ՁԵՌԱԳՐԵՐԻ
18-19-րդ դարերում ձևավորված հայ հոգևոր երգարվեստի հինգ ավանդական (Էջմիածնական, Կոստանդնուպոլսի, Վենետիկի, Երուսաղեմի և Նոր Ջուղայի) երգվածքների համակողմանի և համեմատական ուսումնասիրությունը հայ երաժշտական միջնադարագիտության կարևորագույն խնդիրներից մեկն է: Ներկայացվող աշխատանքը մեր կողմից կատարվող ուսումնասիրության մի մասն է, որը նվիրված է հայ հոգևոր երգարվեստի արմաշական ավանդույթին։ Այն ձևավորվել է Արմաշում, որը գտնվում է Փոքր Ասիայի Նիկոմիդիա (Իզմիտ) գավառում և հայտնի է իր Չարխափան Սուրբ Աստվածածին վանքով:
Ավանդույթի հիմնադիրն է պոլսահայ հայտնի ձայնագրագետ, երաժիշտ-տեսաբան, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ Համբարձում Չերչյանը (1828-1901), որը երկար տարիներ որպես երաժշտապետ պաշտոնավարել է Արմաշում՝ նախ Ժառանգավորաց ուսումնարանում, ապա նաև Դպրեվանքում։ Վերջինս մեծ և կարևոր դեր է ունեցել որպես սեփական երաժշտական ավանդույթներ ունեցող կրթօջախ՝ դրանով անգնահատելի ավանդ ներդնելով հայ հոգևոր երգեցողության դպրոցների պատմության մեջ:
Արմաշական ավանդույթը հանդիսանում է պոլսական երգվածքի առանձին և ինքնուրույն ենթաճյուղը:
Հ. Չերչյանը թողել է բավական պատկառելի ձայնագրագիտական ժառանգություն՝ «Շարակնոց», «Ժամագիրք» և «Տաղարան» երաժշտածիսական մատյանները, «Խաչվերացի կանոն»-ի ձայնագրատետրը և հատվածներ «Պատարագից», որոնք իր երաժշտապետության տարիներին դրել է գործնական կիրառության մեջ:
Պահպանվել են ժառանգավորաց ուսումնարանի և Դպրեվանքի աշակերտների ձեռքով հայկական նոտագրությամբ գրի առնված բազմաթիվ ձեռագրեր, որոնց թվում են Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի նորագույն հավաքածուում պահվող արմաշական տասնհինգ գրչագրերը: Մեր ուսումնասիրության հիմքն են կազմում Շարակնոցները (ձեռ. N96, N97)՝ որպես Ութձայն համակարգն արտացոլող կանոնական ժողովածուներ։ Դրանք հարստագույն նյութ են պարունակում, որի ուսումնասիրությունը մեծ կարևորություն է ներկայացնում հայ հոգևոր երաժշտության պատմության դիտանկյունից: Մեր առաջնահերթ խնդիրներից մեկն է այստեղ ամփոփված երաժշտական նյութի համեմատությունը Համբարձում Չերչյանի և Նիկողայոս Թաշճյանի ձայնագրած Շարակնոցների հետ։ Մանրամասն վերլուծական աշխատանքի արդյունքում բացահայտվել են դրանց էական նմանություններն ու տարբերությունները, ի ցույց դրվել Ութձայն համակարգին առնչվող՝ ձայնեղանակային և ձայնակարգային առանձնահատկությունները: Առանցքային հարցերից է նաև ձայնեղանակային մեղեդիական բնորոշ դարձվածքների համեմատական ուսումնասիրությունը: Շարակնոցի բոլոր միավորները հայկական նոտագրությունից փոխադրել ենք եվրոպականի։
Մատենադարանի արմաշական ձեռագրերը մի նոր և հետաքրքրական էջ են բացում ոչ միայն երգեցողության տվյալ ավանդույթի, այլև հայ հոգևոր երգարվեստի պատմության մեջ ընդհանրապես: