ՆԻԿՈԼԱՅ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

Արվեստագիտության թեկնածու, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն: Հեղինակ է գիտական հոդվածների, զեկուցումներով մասնակցել է գիտաժողովների: Գիտական հետաքրքրությունների ոլորտում նոր և նորագույն շրջանների հայ երաժըշտության ուսումնասիրությունն է:

«ՄԱՐԳԱՐԻՏ ԲԱԲԱՅԱՆԸ՝ ՏԱՐԲԵՐ ԱԶԳԵՐԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆ»

Նշանակալի է հայ երգչուհի (մեցցո-սոպրանո), դաշնակահարուհի, երաժշտագետ և մանկավարժ Մարգարիտ Բաբայանի (1874-1968) դերը տարբեր ժողովուրդների ժողովրդական երգերի պրոպագանդման գործում:
Նա առաջինն է, ով համերգային բեմահարթակներից հնչեցրել է ֆրանսիական ժողովրդական երգերը մեծ վարպետների մշակմամբ: Նա ֆրանսիացի հռչակավոր կոմպոզիտոր Մորիս Ռավելի` ձայնի ու դաշնամուրի համար 1904-ին ստեղծված նշանավոր «Հինգ հունական ժողովրդական երգերի» առաջին կատարողն էր: Ի հավելումն դրանց՝ Մ. Բաբայանի խնդրանքով Ռավելը ներդաշնակել է ու նրան ձոնել “Tripatos”-ը՝ Խիոս կղզու պարեղանակի մշակումը:
Խորապես ուսումնասիրելով տարբեր ժողովուրդների երաժշտական ֆոլկլորը, Մ. Բաբայանը դարձել է այդ ժողովրդական երգերի լավագույն մեկնաբանը: Իր համերգների ընթացքում Մ. Բաբայանը կատարել է ֆրանսիական հին երգեր, հունական, հրեական, իսպանական, բասկերի, ռուսական և հայ ժողովրդական երգեր, որոնք բոլորն էլ երգել է բնագրի լեզվով: Երգչուհին հաճախ հանդես է եկել իբրև լավագույն մեկնաբանն ու ցուցադրողը Ռոլանի, Օբրիի, Լալուայի, Մասսոնի, Կալվոկորեսիի, Կոմիտասի, Չոպանյանի և այլոց երաժշտական բանախոսություններում: