ՌԻՏԱ ՍՈՒԼԱՀԵԱՆ ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆ

Ռիտա Սուլահեան Գույումճեանն ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը։ Որպես հոգեբույժ մասնագիտացել է Մոնրեալի ՄաՔ-Գիլ համալսարանում, որտեղ դասավանդում է երեսունհինգ տարի։ Ունի դոցենտի կոչում։ Ներկայումս աշխատում է Մոնրեալի Ս․ Մարիամ հիվանդանոցում՝ որպես հոգեբուժական ամբուլատոր բաժնի տնօրեն։
Հինգ գրքի հեղինակ է, այդ թվում՝ «Օրագրային գրառումներ Հայաստան կատարած ուղևորության մասին. հոգեբույժի նոթեր» (Մոնրեալ, 1991) «Խելագարության ակունքներում։ Կոմիտաս. հայ կուռքի դիմանկարը» (2001, Նյու Ջերսի), «Եռապատում. Ապրիլի 24, 1915» (2010, Լոնդոն):

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՒԳ

Օգտագործելով հոգեվերլուծական մոտեցումը՝ հնարավոր է Կոմիտասի մոտ առկա հիմնական խնդիրների հիման վրա առանցքային պատկերացում կազմել նրա հոգևոր աշխարհի մասին։ Արվեստագետների ստեղծագործական և անձնական կյանքում մանկության տարիների տրավմաներն ուսումնասիրելով՝ կարող ենք ասել, որ Կոմիտասի՝ հայկական երաժշտության արմատները վերհանելու հակումը առավելապես մանկության տարիներին ծնողների կորստյան խոր վիշտը սգալու (ավելին՝ խորհրդանաշական հարության) իդեալականացված փորձ էր։ Հոգեկան հիվանդությունը, որը հարվածեց նրան իր հետագա կյանքում՝ ի պատասխան Չանղըրը կոչվող այն նոր ու վիթխարի հոգեկան տրավմայի, վերջ դրեց սգի դեմ ստեղծագործելով պայքարելու նրա բնածին հակմանը։
Կոմիտասի ստեղծագործական գործունեությունը չափազանց կարևոր էր նրա մտավոր կայունության համար։ Հայկական երաժշտության հիմքերը վերականգնելու Կոմիտասի ցնցող փորձերը ճանապարհ հարթեցին՝ հաղթահարելու սգալու հաջորդական փուլերը (դրանք հիմնականում բնութագրվում են որպես հերքում, բարկություն, տխրություն և վճռականություն), սակայն նրա անկարողությունը ստեղծագործելով պատասխանելու հրեշավոր հանցագործությանը՝ Հայոց ցեղասպանությանը, մի հոգեկան տրավմա, որն առավել սարսափելի էր, քան պարզ սուգը, հանգեցրեց հոգեկան խանգարման։ Դրա բացակայությունը Կոմիտասին հասցրեց ծանր աստիճանի հետտրավմային սթրեսային խանգարման՝ փսիխոտիկ ախտանշաններով։
Կոմիտասի ստեղծագործական կյանքն ավարտվեց 1916 թվականին՝ նրան հիվանդանոց տեղափոխելով, ինչը հաջորդեց Օսմանյան կայսրությունում հայերի ծրագրավորված ոչնչացմանը։ Կոմիտասի հիշողության ժամացույցը կանգ էր առել։ Նա քարացել էր ժամանակի մէջ։ Նրան հասանելի էին միայն զայրույթն ու անտարբերությունը, որոնց միջոցով Կոմիտասը մեկուսացավ իրական աշխարհից և ներսուզվեց մի աշխարհ, որտեղ այլևս չէին կարող լինել ոչ ցավ, ոչ կորուստներ։