«Գոյնէն անդին»
2017 թ. հոկտեմբերի 9 – 2018 թ. փետրվարի 9
Ռուբէն Նաճարեանի անհատական ցուցադրություն
«Գոյնէն անդին» ցուցադրության մեջ ընդգրկված էր Ռուբէնի ստեղծագործական վերջին ժամանակաշրջանի (1990-2015) ընթացքում ստեղծված մատիտանկար աշխատանքների մի փունջ։ Ռուբէնի գծանկարները առանձնանում են իրենց ինքնատիպ ոճով թե՛ իրականությունը պատկերելու յուրօրինակ մոտեցմամբ` աշխարհը ներկայացնելով նոր հայացքով, թե՛ իր գործածած նյութով` մատիտով։ Արվեստագետը ներկայացնում է իր գծանկարները որպես ավարտուն ստեղծագործական նկարներ։ Ռուբէն Նաճարեանը ապրում և ստեղծագործում է Փարիզում։ Գեղարվեստական նախնական կրթությունը ստացել է Բեյրութում (ներքին դիզայն մասնագիտությամբ), ապա տեղափոխվել է Փարիզ՝ իր ուսումը շարունակելու։ Ռուբէնը մասնագիտացել է նկարչության և որմնանկարչության ճյուղերում։ Ունի նաև արվեստի պատմության վկայական։ Նա արժանացել է Henri Lehmann նկարչական մրցանակին Institut de France-ի կողմից: Տարիներ շարունակ ստեղծագործելով այս ոլորտներում՝ հեղինակել է բազմաթիվ աշխատանքներ Ֆրանսիայում, Պարսից ծոցի երկրներում, Սինգապուրում և Բրունեյում։ Իր ջրանկարներով, յուղանկարներով և գծանկարներով հանդես է եկել Եվրոպայի տարբեր քաղաքներում կայացած հավաքական և անհատական ցուցահանդեսներում։ 1990-ից ի վեր Ռուբէնը կենտրոնացել է մատիտանկար գծանկարների վրա։
«Գոյնէն անդին» ցուցադրության շրջանակում հրատարակվել է պատկերագիրք, որի մեջ ընդրգված են Մարկ Նշանեանի, Շաքէ Մաթոսեանի և Քլելիա Նոյի քննական ակնարկները։
Համադրող` Նայիրի Խաչատուրեան