ՏԱԹԵՎԻԿ ՇԱԽԿՈՒԼՅԱՆ

Երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, Ավանդական երաժշտության միջազգային խորհրդի (ICTM) հայաստանյան պատասխանատու: Թեկնածուական ատենախոսություն պաշտպանել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում: Գրացի համալսարանի Սիստեմատիկ երաժշտագիտության կենտրոնում կատարել է հետթեկնածուական ուսումնասիրություն (Ավստրիա, 20142015): Հեղինակ է «Կոմիտասի ստեղծագործության վաղ շրջանը» մենագրության (2014) և շուրջ 30 գիտական հոդվածների, որոնք տպագրվել են Հայաստանում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Ֆինլանդիայում, Լեհաստանում։ Իր հետազոտությունները ներկայացրել է մի շարք գիտաժողովներում ու փառատոններում` Երևանում, Բուդապեշտում, Ցյուրիխում, Չեստոխովայում, Սանկտ Պետերբուրգում, Հռոմում, Լուկայում, Գրացում, Տոկիոյում և այլն:

«ՀԱՅ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀՆՉՅՈՒՆԱՇԱՐԵՐԻ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԱԺՈՐ/ՄԻՆՈՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՄԲ»

Զեկուցումը ներկայացնում է հայ երաժշտության տեսական հիմքերը՝ մաժորամինորային համակարգի հետ միջմշակութային համեմատության փորձով։ Ի տարբերություն մաժորի և մինորի, որոնք արևմտյան և համաշխարհային երաժշտության առաջատար ձայնակարգերն են, հայ երաժշտությունը հիմնվում է կցվող, ոչ թե հարևան քառալարերի համակարգի վրա։ Քառալարերի հարաբերակցության այս երկու սկզբունքները տեսականորեն ձևակերպվել են դեռևս հին հույն փիլիսոփաների աշխատություններում։ Հայ երաժշտության մեջ կցվող քառալարերի սկզբունքը հայտնաբերել է Կոմիտասը՝ հիմնվելով եկեղեցական և ժողովրդական երաժշտության հազարավոր նմուշների վերլուծության վրա։
Ինչպե՞ս է հայ երաժշտությունը հարաբերվում մաժորամինորային համակարգի հետ։ Արդյո՞ք աղերսներ գոյություն ունեն։ Սույն հետազոտության առաջադրած հարցերի այս ոլորտը ենթադրում է հայ երաժշտության հնչյունաշարային կառուցվածքի դիտարկում։ Համեմատության արդյունքում մեկ այլ գրավիչ հարց է գոյանում. ինչպե՞ս է միմյանցից խիստ տարբերվող մշակույթների՝ հայ ավանդական երաժշտության և արևմտյան դասական հարմոնիայի համակցությունն ի հայտ բերում գեղարվեստական բարձր արդյունք, որի դրսևորումը դիտարկելի է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններում։ Ինչո՞ւ էր Կոմիտասն ինքն առաջ քաշում բազմաձայնության բոլորովին ուրույն լուծում։