ՏԱԹԵՎԻԿ ՇԱԽԿՈՒԼՅԱՆ

Երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, Ավանդական երաժշտության միջազգային խորհրդի (ICTM) հայաստանյան պատասխանատու: Թեկնածուական ատենախոսություն պաշտպանել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում: Գրացի համալսարանի Սիստեմատիկ երաժշտագիտության կենտրոնում կատարել է հետթեկնածուական ուսումնասիրություն (Ավստրիա, 2014-2015): Հեղինակ է երկու մենագրությունների՝ «Կոմիտասի ստեղծագործության վաղ շրջանը» (Երևան, 2014), «Ողջույն ձեր նոր կյանքին․ Կոմիտասը՝ մանուկներին» (Երևան, 2019) և շուրջ 30 գիտական հոդվածների, որոնք տպագրվել են Հայաստանում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Ֆինլանդիայում, Լեհաստանում։ Իր հետազոտությունները ներկայացրել է մի շարք գիտաժողովներում ու փառատոներում Երևանում, Բուդապեշտում, Ցյուրիխում, Չեստոխովայում, Սանկտ Պետերբուրգում, Հռոմում, Լուկայում, Գրացում, Տոկիոյում և այլն:

ԿՈՄԻՏԱՍԻ ԲԵՌԼԻՆՅԱՆ ՇՐՋԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես հայտնի է, Կոմիտասի բեռլինյան ուսումնառությունն առանցքային դեր խաղաց նրա՝ որպես երաժիշտ ձևավորման վրա։ Թեև դրանից առաջ էլ Կոմիտասը ստացել էր երաժշտական կրթություն, սակայն այն համակարգվածության պակաս ուներ։ Բեռլինյան ուսումնառության ազդեցությունը վերաբերում է Կոմիտասի հետազոտական, ստեղծագործական, կատարողական աշխատանքին։ Տրամաբանական է քննարկել նաև ազդեցությունների հակառակ ուղղությունը՝ հատկապես ժողովրդական երաժշտության հավաքչության և ուսումնասիրության առումով։ Կոմիտասի գործունեության ժամանակաշրջանում ժողովրդական երաժշտության հավաքչությունը տարածված չէր։ Կոմիտասն այս ուղղությամբ եթե ոչ առաջինը, ապա առաջիններից մեկն էր։ Իսկ եկեղեցական երաժշտության հավաքչության ու հետազոտության մասին խոսելիս պետք է փաստել, որ ուսուցիչների՝ Օսկար Ֆլայշերի, Մաքս Ֆրիդլենդերի, Հայնրիխ Բելլերմանի ազդեցությունն առանցքային դեր ուներ Կոմիտասի վրա։
Սույն զեկուցման մեջ քննարկելու ենք Բեռլինում իրականացված ստեղծագործությունները, որոնց թվում են գերմանացի ականավոր բանաստեղծների տեքստերի հիման վրա գրված երգերն ու խմբերգերը, դաշնամուրային, կամերային գործեր, Կոմիտասից պահպանված միակ նվագախմբային գործը և «Պատարագ»-ը՝ գերմաներեն թարգմանությամբ։ Գերմանիայում իրականացրած ստեղծագործական աշխատանքը քննարկելիս մի շարք գրավիչ հարցեր են առաջանում։ 1. Ի վերջո, ո՞րն է բեռլինյան ուսումնառության կիրառական ազդեցությունը Կոմիտասի վրա։ 2. Շրջանառվող կարծիք կա, որ Կոմիտասի դաշնամուրային երկերը կատարողական տեխնիկայով անհարմար են, որովհետև Կոմիտասն ինքը չէր տիրապետում գործիքին։ Թե՛ Կոմիտասի բեռլինյան ուսումնառությունը, թե՛ Բեռլինում գրված դաշնամուրային գործերը հերքում են այս կարծիքը։ 3. Ինչո՞ւ են Կոմիտասի «Պատարագ»-ի հայերեն և գերմաներեն տարբերակներն այդքան տարբեր ընկալվում, մինչդեռ հիմնվում են միևնույն մեղեդիների վրա։ 4. Արդյո՞ք գերմանական ազդեցություն են կրում Կոմիտասի էջմիածնական և պոլսական շրջանի ստեղծագործությունները։