ՏԱԹԵՎԻԿ ՇԱԽԿՈՒԼՅԱՆ

Երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, Ավանդական երաժշտության միջազգային խորհրդի (ICTM) հայաստանյան պատասխանատու: Թեկնածուական ատենախոսություն պաշտպանել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում: Գրացի համալսարանի Սիստեմատիկ երաժշտագիտության կենտրանում կատարել է հետթեկնածուական ուսումնասիրություն (Ավստրիա, 2014-2015 թթ.):
Շախկուլյանը հեղինակ է «Կոմիտասի ստեղծագործության վաղ շրջանը» մենագրության (2014) և ավելի քան 25 գիտական հոդվածների, որոնք տպագրվել են հայերեն, ռուսերեն, անգլերեն և լեհերեն լեզուներով: Մասնակցել է հանրապետական և միջազգային մի շարք գիտաժողովների ու փառատոնների Երևանում, Բուդապեշտում, Ցյուրիխում, Չեստոխովայում, Սանկտ Պետերբուրգում, Հռոմում, Լուկկայում, Գրացում: Գիտական ուսումնասիրությունն ընդգրկում է կոմիտասագիտությունը, երաժշտական ֆոլկլորը, հայ և համաշխարհային երաժշտարվեստի տեսական և պատմական մի շարք հարցեր, 20-րդ դարի արևմտյան, ռուսական և հայկական երաժշտության պոլիֆոնիան:

ԿՈՄԻՏԱՍԸ ԵՎ 20-ՐԴ ԴԱՐԻ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես հայտնի է, Կոմիտասն արևմտյան երաժշտական կրթություն ուներ և կրում էր արևմտյան երաժշտության ազդեցությունը։ Ռիխարդ Վագների երաժշտության ազդեցությունը հատկապես ակնհայտ է Կոմիտասի վաղ գործերում։ Հատկանշական է նաև իմպրեսիոնիստական երաժշտության նկատմամբ նրա հակումը։ Միևնույն ժամանակ, Կոմիտասի գործերն արտացոլում են կոմպոզիտորական այնպիսի նորույթներ, որոնք իր ժամանակի արևմտյան երաժշտության մեջ դեռևս տարածված չէին։
Այդպիսի նորույթներից է պոլիմետրը։ Կոմիտասն իր «Տանդո» խմբերգում ուղղահայաց չափմամբ համակցել է 3/4 և 5/4 մետրերը՝ եկեղեցու զանգերի հարատևության և մարդկային մտորումների կերպարային հակադրություն վերարտադրելու համար։ Կոմիտասն այս խմբերգը գրել է 1890-ականներին, մինչդեռ պոլիմետրն արևմտյան երաժշտության մեջ շրջանառվել է առավելապես XX դարում։
Նորույթ է սիմֆոնիկ պարտիտուրի մեջ հայ ժողովրդական գործիքների ընդգրկումը, որի դրսևորումն առկա է Կոմիտասի «Անուշ» անավարտ օպերայի սևագրերում (ԳԱԹ Կոմիտասի արխիվ, թիվ 489): XX դարի սկզբի դրությամբ դեռևս տարածված չէր սիմֆոնիկ նվագախմբում ժողովրդական գործիքների ներառումը։
Եվս մեկ նորարարություն վերաբերում է հարմոնիային։ Կվարտաներից բաղկացած փոքրացված սեպտակորդներն առաջարկում ենք անվանել «կոմիտասյան ակորդ»։ Բացի այդ, կոմիտասյան են տերցիաներից բաղկացած բազմահարկ ակորդները, որոնք միասին կազմում են նոնակորդ կամ ունդեցիմակորդ և շարադրվում են լայն դասավորությամբ։
Կոմիտասի գործերում նկատվող ևս մեկ ինքնատիպ սկզբունք է միևնույն ժանրին պատկանող երկու տարբեր երգերի կոնտրապունկտային համակցությունը։ Այստեղ կարելի է դիտարկել Կոմիտասի երաժշտության ֆակտուրային ինքնատիպության որոշ հիմքեր, մինչդեռ Կոմիտասի երաժշտության ֆակտուրան երբեմն անհնար է նկարագրել ընդունված եզրերով։