ՔԼԱՈՒՍ ՆՈՅՄԱՆ
Երաժշտական մանակվարժություն է ուսանել Դրեզդենի Երաժշտության բարձրագույն դպրոցում (1993-1997, ջազի, ռոք և փոփ երաժշտության, ինչպես նաև էլեկտրոկիթառի ոլորտներում): Համեմատական երաժշտագիտություն է ուսումնասիրել Բեռլինի Ազատ համալսարանում (1998-2002), որն ավարտել է «Փարանգ երաժշտությունը Տրինիդադում» թեզի պաշտպանությամբ (2004): 2015 թ. Քյոլնի համալսարանում ստացել է գիտությունների դոկտորի կոչում` պաշտպանության ներկայացնելով «Լեհաստանի գերմանական համայնքի երաժշտությունը» թեմայով ուսումնասիրությունը: 2011-2017 թթ. աշխատակցել է Էսսենի Մշակութաբանության ինստիտուտին, վարել կրտսեր պրոֆեսորի պաշտոնը Քյոլնի համալսարանի Եվրոպական երաժշտական էթնոլոգիայի ինստիտուտում, դասախոսել Բեռլինի Ազատ համալսարանում: Պրոֆեսոր Նոյմանը 2017 թվականից ի վեր Հալլե-Վիտտենբերգի Մարտին Լութերի անվան համալսարանի երաժշտական ազգագրության ամբիոնի վարիչն է: Երաժշտաբանահավաքչական և հետազոտական աշխատանքներ է կատարել` նվիրված Բելառուսի, Գերմանիայի, Յամայկայի, Լեհաստանի, Տրինիդադ / Տոբագոյի, Վենեսուելայի երաժշտությանը: Նրա գիտական հետաքրքրությունների ոլորտին է պատկանում նաև պրոգրեսիվ ռոքը:
ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԸ՝ ԵՐԱԺԻՇՏ-ԱԶԳԱԳՐԱԳԵՏ.
ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԳԻՏԱՊԱՏՄԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՓՈՐՁ
Տասնամյակներ, գուցե անգամ հարյուրամյակներ առաջ իրենց հետազոտություններով զբաղվող երաժշտագետներին որոշակի գիտակարգի [discipline] (տվյալ դեպքում երաժշտական ազգագրության) ներկայիս մասշտաբներով չափելն ինքնին արդեն իր մեջ վտանգ է պարունակում, քանզի երկար ժամանակվա ընթացքում կուտակված տեխնոլոգիական հնարավորությունները, գիտելիքներն ու փորձը, ինչպես նաև (ենթադրաբար) կատարելագործված մեթոդներն ու մշտապես ընդլայնվող ու փոփոխվող բարոյական գիտակցությունը շատ են միմյանցից տարբերվում: Այդուհանդերձ, մեծապես օգտակար է խորհրդածել այն հարցի շուրջ, թե ինչ նպատակներով էին առաջնորդվում անցյալի երաժշտագետները, ինչ մեթոդներ էին օգտագործում, և ինչ աշխարհայացք էր ընկած նրանց գործունեության հիմքում, այն է՝ ինչ չափով էին նրանք հետևում կամ գիտակցաբար հակադրվում ժամանակի ոգուն (Zeitgeist): Զեկուցման մեջ փորձ է արվելու քննադատական մոտեցմամբ պարզել, թե որքանով ճիշտ կլիներ հայ գիտնական և արվեստագետ Կոմիտասն Վարդապետին (որի գործունեությունը զգալի չափով վերաբերում է երաժշտական ազգագրության և ժողովրդական երաժշտության ուսումնասիրության ոլորտին) դասել երաժշտական ազգագրության ներկայացուցիչների շարքին՝ այս գիտակարգի պատմության համատեքստում, ինչպես նաև ավելի մանրազնին քննել այն հարցը, թե ինչ ընդհանրություններ և տարբերություններ ունի Կոմիտասը նույն գիտակարգի այլ գործիչների հետ: