ԹՈՄԱՍ ԲՈՒԽՀՈԼՑ

Պրոֆեսոր Թոմաս Բուխհոլցը կոմպոզիտոր է և երաժշտագետ: «Բլյութներ» դաշնամուրային գործարանում դաշնամուր պատրաստող վարպետի և դաշնամուր լարողի մասնագիտություն ձեռք բերելուց հետո կոմպոզիցիա (ղեկավար՝ Գյունտեր Նոյբերտ), մեներգեցողություն և երաժշտական մանկավարժություն է ուսանել Լայպցիգի Երաժշտության և թատրոնի համալսարանում, որն ավարտել է դիպլոմով (1988): Այնուհետև՝ Հալլեի Մարտին Լյութերի համալսարանում դասավանդելուն զուգահեռ, հաճախել է պրոֆեսոր Ռութ Ցեխլինի դասընթացին Բեռլինի Արվեստների ակադեմիայի կոմպոզիցիայի բաժնում: Հետագայում կոմպոզիցիայի դասեր է ստացել նաև Ռուդոլֆ Քելթերբորնից, Վիտոլդ Լուտոսլավսկուց և Ջոն Քեյջից: Մասնագիտական կրթություն ստանալուց հետո դասախոսություններ է կարդացել կոմպոզիտորական արվեստի մասին տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում (Լայպցիգ, Վայմար, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Երևան), անցկացրել է վարպետության դասեր: Միխաելշտայնի երաժշտական ակադեմիայում կոմպոզիցիա է դասավանդում շնորհալի երեխաներին ու պատանիներին: 1995-2014 թթ. ղեկավարել է ժամանակակից երաժշտությանը նվիրված “Hallische Musiktage” փառատոնը: Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կոմպոզիտորների միության նախագահն է: Թ. Բոխհոլցն ավելի քան 160 հրատարակված երկերի հեղինակ է, նրա երաժշտությունը կատարվում է աշխարհի բազմաթիվ երկրներում: Որպես երաժշտագետ կատարելագործվել է Շյուտցի ակադեմիայում (Թյուրինգիա) և Հենդելի տուն-թանգարանում (Հալլե), որտեղ հեղինակել է Գեորգ Անտոն Բենդային, ինչպես նաև Բարոկկոյի և արդի շրջանի երաժշտության փոխառնչություններին նվիրված ուսումնասիրություններ: Հետագայում զբաղվել է նոր երաժշտության և XX դարի Միջին Գերմանիայի կոմպոզիտորների հետազոտությամբ: Երևանում ծավալած իր դասախոսական գործունեության ընթացքում սկսել է ուսումնասիրել հայ ավանդական երաժշտություն և Կոմիտասի ստեղծագործությունը: Թ. Բուխհոլցը Կոմիտասի որոշ խմբերգային երկերի առաջին հրատարակողն է Գերմանիայում:

ԿՈՄԻՏԱՍԸ՝ ԵՎՐՈՊԱՑԻ.
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՄՊՈԶԻՑԻՈՆ
ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏՔԵՐԸ ԿՈՄԻՏԱՍԻ ՈՐՈՇ ԵՐԿԵՐՈՒՄ

XIX-XX դդ. սահմանագծին՝ դեպի Մոդեռն շրջադարձից անմիջապես առաջ, եվրոպական երաժշտական մտածողությունը Ռոմանտիզմի և Ուշ ռոմանտիզմի կոմպոզիտորների գերակայության ոլորտում էր՝ մինչև տոնիկալության սահմանները հասցված հարմոնիայով, անկաշկանդ մելոդիկայով և ազատ կոնտրապունկտով: Այս ամենը բարենպաստ ներգործություն ունեցավ նաև Կոմիտասի ստեղծագործության համար, որին զգալի չափով հաջողվեց եզակի կապ ստեղծել հայ ավանդական երաժշտության և եվրոպական կոմպոզիցիոն մոդելների միջև: Այդպիսով Կոմիտասի ոճը հայկական ժամանակակից երաժշտության համար դպրոցաստեղծ նշանակություն ունի և, միաժամանակ, վկայում է Կոմիտասի՝ որպես եվրոպական երաժշտի մասին:
XX դ. վերջին քառորդում ապրող մի շարք հայ երաժիշտներ կրթություն էին ստանում Եվրոպայում. ինչպես, օրինակ, ջութակահար Հովհաննես Նալբանդյանը՝ Բեռլինում, երգչուհի Սոֆյա Ակիմովան՝ Լայպցիգում կամ երգիչ Արմենակ Շահմուրադյանը՝ Փարիզում, երաժշտագետ Մուշեղ Աղայանը՝ Սանկտ Պետերբուրգում: Սա ևս ապացուցում է ոչ միայն այն հանգամանքը, որ եվրոպական երաժշտությունը շատ բարձր էր արժևորվում հայերի կողմից, այլև այն, որ Կոմիտասն այդ տեսանկյունից անմիջական օրինակ էր հանդիսանում:
Կոմիտասի ստեղծագործությունը եվրոպական երաժշտամտածողության աչքի ընկնող ամալգամների մի շարք է պարունակում: Կենտրոնական տեղ է գրավում դաշնամուրի կիրառությունը հայ ավանդական ժողովրդական երգերի նվագակցության համար: Վերջին հաշվով դա հղում է Յոհաննես Բրամսի փորձին՝ ժողովրդական և մանկական ժողովրդական երգերին, որոնց հատուկ է վարպետորեն գրված դաշնամուրային նվագակցությունը: Կոմիտասի կյանքի օրոք Մաքս Ռեգերն էր, որ իր «Պարզ մեղեդիներ» ժողովածուի մեջ ժողովրդական երգերը մասնագիտացված (կոմպոզիտորական) երգերի փոխակերպեց:
Վերջապես՝ զեկուցման մեջ հաստատվում է, որ Կոմիտասի՝ որպես հայ կոմպոզիտորի գործունեությունը չպետք է սահմանափակվի հայաստանյան շրջանակով: Արդի երաժշտագիտությունը նրան պետք է տեղ հատկացնի երաժշտության ասպարեզի նշանակալից եվրոպացիների շարքում, եթե նրա ստեղծագործությունը դիտարկենք եվրոպական երաժշտամտածողության համատեքստում: Կոմիտասի ստեղծագործությունն ի վերջո նվաճում է՝ եվրոպական մշակույթի բազմազանության համար: