Ժամանակակիցները Կոմիտասի մասին

Գերազանցորեն նա գործի՞չ է, ազգագրագե՞տ, գիտնակա՞ն, թե՞ կոմպոզիտոր: Չնայած, որ Կոմիտասը երևան է եկել իբրև հեղինակ հայկական երգերի մշակումների, ես պնդում եմ, որ նախ և առաջ նա կոմպոզիտոր է: Նրա ճանապարհը միակ ճիշտ ուղին է, որ պիտի ընտրեր այդ մարդը, որ հսկայական նպատակ ուներ – գտնել այն ներդաշնակային և բազմաձայն (պոլիֆոնիկ) ոճը, որ իրենց էությամբ իսկական հայ ժողովրդական երգին համապատասխան են:

 

— Թոմաս Հարտման, կոմպոզիտոր

Վանքում ապրում էր հին միաբանական խցերից մեկի մեջ, երկրորդ հարկը կազմող մի սենյակում:
Չնայելով որ նրա սենյակը զարդարուն էր գորգերով ու նկարներով, բայց ինքն՝ արվեստագետն ապրում էր, կարելի է ասել, սպարտական կյանքով, ուտելու մեջ պարզ և չափավոր, չէր խմում և չէր ծխում. քնում էր գարուն թե ձմեռ բաց պատուհանով և, որ գլխավորն էր, պառկում էր ուղղակի հատակի վրա, առանց ներքնակի և բարձի: Նոտագրության մեջ մաքրասեր էր, գրում էր գեղեցիկ, իր իսկ տողած թղթերի վրա, այնպես որ նրա ձեռագրերից կարելի էր ուղղակի կլիշե պատրաստել:

— Գարեգին Լևոնյան, գրականագետ, արվեստաբան

Կոմիտաս մարդկային բացառիկ առաքինություններու ծով էր: Չափազանց աշխատասեր, աննկուն կամքի տեր, անկեղծ, բարեհոգի, ընկերասեր, քաղցր ու համեստ՝ ամենուն նկատմամբ: Մաքրակրոն էր ան և մեծ հայրենասեր մը: Բացի իր երաժշտական հանճարեն, քովնտի շնորհքներ ալ ուներ. բանաստեղծ էր և ճարտար կոմիկ դերասան մը, որ ֆարսի մեջ ալ մեզ հայտնի էր: Վերին աստիճան սրամիտ, կենսուրախ և պատրաստաբան էր Կոմիտաս և սիրված ճեմարանի մեծեն ու փոքրեն: Կոմիտաս բացառիկ դուրեկան ձայն մը ուներ և արժանացած էր Խրիմյան Հայրիկի մասնավոր համակրանքին, Խրիմյան Հայրիկի կարգադրությամբ, տոնական օրերը, Կոմիտասը կղեկավարեր դպրաց դասը և պատասխանատու էր խորանեն երգված սաղմոսերգություններու և ավետարաններու ընթերցման:

Ճեմարանի ուսուցիչներուն մեջ հայտնի ժողովրդական պարողն էր: Տղամարդկանց խիզախ, խրոխտ շորորեն, ծանր ճոճումներով և մարտական սուրով պարերեն մինչև շինական կանանց պարերը, իրենց ձայնի հարազատ ելևէջներով և մարմնի ու ձեռքերու նուրբ արտահայտություններով առհավետ անմոռանալի կմնան:

— Հրաչյա Աճառյան, լեզվաբան