Հնչյուն և լռություն
Ապրիլ 8, 2017 –Օգոստոս 29, 2017

Երաժշտությունը ժամանակի մեջ հնչյուն և լռություն համադրելու արվեստն է։ Այս ցուցադրությունը Հայկական լեռնաշխարհում երաժշտական մշակույթի զարգացման պատմական ընթացքին նվագարանի միջոցով ծանոթանալու մի հնարավորություն էր։ Երաժշտություն, որի մասին կարելի է խորհել՝ լուռ դիտելով և զգալով նրա հմայիչ հնչյունները։
«Հնչյուն և լռություն. երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ցուցադրության նպատակն էր լույս սփռել նվագարանների ստեղծման և զարգացման պատմությանը, դրանց կենցաղավարմանը, գործառույթներին, մշակութաբանական համապատկերին, ինչպես նաև երաժշտի ու նվագարանագործ-վարպետի դերին պատմության հոլովույթում։ Ցուցադրությունն ընդգրկում էր բազմատեսակ ցուցանմուշներ` հնագիտական առարկաներ, ձեռագրերի և տապանաքարերի թվայնացված տարբերակներ, արխիվային լուսանկարներ, ավանդական նվագարաններ, ինչպես նաև կրթական սեղան, որի վրայի նվագարանները կարող էին փորձարկել այցելուները:















