04-hasmik-torosyan

ՀԱՍՄԻԿ ԹՈՐՈՍՅԱՆ, ՍՈՊՐԱՆՈ

Ծնվել է Երևանում: 2004թ. ավարտել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը (Թ. Համբարձումյանի դասարան), 2010թ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (պրոֆ. Գ. Գեղամյան): Մասնակցել է աշխարհահռչակ երգիչներ Թերեզա Բերգանցայի, Միրելա Ֆրենիի, Գրեյս Բամբրիի և Խուան Դիեգո Ֆլորեսի վարպետության դասերին:
2004-2009թթ. երգել է սուրբ Գեղարդավանքի երգեցիկ խմբում` ներկայացնելով հայ հոգևոր և ժողովրդական երաժշտություն:
Հ. Թորոսյանը բազում մրցույթների դափնեկիր է, այդ թվում՝ Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների հանրապետական մրցույթ (1-ին մրցանակ` ոսկե մեդալ, 2008թ.), «Գեղեցիկ ձայն» միջազգային 16-րդ մրցույթ (1-ին մրցանակ, Մոսկվա, 2010թ.), Սեուլի 6-րդ միջազգային մրցույթ (եզրափակչի մասնակից, 2010թ.), Musica Sacra միջազգային մրցույթ (1-ին մրցանակ, Հռոմ, 2011թ.) և այլն: 2009թ. արժանացել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի` Ոսկե մեդալի:
2011թ.-ից Հ. Թորոսյանը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի է:
Բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Ավստրիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Հարավային Կորեայում, Չեխիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Արաբական Էմիրություններում, Լիբանանում, Թուրքիայում և այլուր:
2012թ. Հ. Թորոսյանը հրավիրվել է ԱՄՆ (Մինեսոտա)` կատարելու Նեդայի դերերգը Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայում` «Հարավայինլույսեր» երաժշտական փառատոնում, իսկ 2013թ. Նորինայի («Դոն Պասկուալե») և Ադինայի («Սիրո ըմպելիք») դերերգերով առաջին անգամ ելույթ է ունեցել բրիտանական Գլայնբուրն օպերային թատրոնում:
Հ. Թորոսյանը համագործակցում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Է. Թոփչյան):
2013թ. պատիվ է ունեցել լինելու Տ. Մանսուրյանի հեղինակած առաջին հայկական ռեքվիեմի հայաստանյան պրեմիերայի կատարողը:
2014թ. Հ. Թորոսյանը հրավիրվել է Իտալիա` ուսանելու Ռոսինիի ակադեմիայում` մաեստրո Ալբերտո Զեդդայի ղեկավարությամբ: Ռոսինիի ծննդավայր Պեզարո քաղաքում «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» օպերայում Կորինայի դերերգով կայացել է երգչուհու առաջնելույթն Իտալիայում` Ռոսինիի անվան օպերային թատրոնում:
Հ. Թորոսյանը ներկայացել է այնպիսի դերերգերով, ինչպիսիք են Լաուրետան («Ջանի Սկիկի», Ջ. Պուչինի), Լիզետը («Ծիծեռնակ», Ջ. Պուչինի), Ռոզինան («Սևիլյան Սափրիչ», Ջ. Ռոսինի), Ֆանին («Ամուսնական Մուրհակ», Ջ. Ռոսինի), Կորինան «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս», Ջ. Ռոսինի), Լուչիան («Լուչիա դի Լամերմուր», Գ. Դոնիցետի), Նորինան («Դոն Պասկուալե», Գ. Դոնիցետի), Ադինան («Սիրո ըմպելիք», Գ. Դոնիցետի), Վիոլետան («Տրավիատա», Ջ. Վերդի), Նեդան («Ծաղրածուներ», Ռ. Լեոնկավալո), Անուշը («Անուշ», Ա. Տիգրանյան): Երգչուհու երգացանկն ընդգրկում է նաև Վ. Ա. Մոցարտի «Մոտետը», Լ. վան Բեթհովենի «Դո մաժոր Մեսսան», Ֆ. Հայդնի «Նելսոն» մեսսան:
2015թ. Հ. Թորոսյանը «Օպերա փառատոնի» կողմից հրավիրվել է Նոր Զելանդիա՝ հանդես գալու Ադինայի դերերգով Դոնցետիի «Սիրո ըմպելիք» օպերայում:
2015թ. ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանուտյան 100 ամյակի միջոցառումների շրջանակներում, երգչուհին ելույթ է ունեցել Ռուսաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Վլադիմիր Սպիվակովի ղեկվարությամբ` ներկայացնելով Մոցարտի «Ռեքվիեմը» (Երևան):
2015թ. տեղի ունեցավ երգչուհու ռուսական առաջնելույթը Մարֆայի դերերգով («Թագավորի հարսնացուն», Ն. Ռիմսկի-Կորսակով) Փարիզի ազգային նվագախմբի հետ Միխայիլ Յուրովսկու ղեկավարությամբ (Փարիզ):
2015թ. երգչուհին մաեստրո Ալբերտո Ձեդայի կողմից հրավիրվել է ելույթ ունենալու Պեզարոյի «Ռոսինի օպերա փառատոնի» շրջանակներում՝ Լիզետի դերերգով («Լա Գազետա», Ջ. Ռոսինի):
2015-2016թթ. Հ. Թորոսյանն իր բեմելն է կատարել Ֆլամանդական օպերային թատրոնում (Անթվերպեն, Բելգիա)՝ Մյուզետայի («Լա Բոհեմ», Ջ. Պուչինի) և Իլիայի
(«Իդոմենեո», Վ. Ա. Մոցարտ) դերերգերով:
Երգչուհու առաջիկա ծրագրերը ներառում են ելույթներ Ֆլամանդական օպերային թատրոնում (Գիշերային թագուհու դերերգը Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայում) և Բոլոնիայի օպերային թատրոնում (Ֆիորիլայի դերերգը, Ռոսինիի «Թուրքը Իտալիայում» օպերայում, Կլորինդայի դերերգը Ռոսինիի «Մոխրոտը» օպերայում, Փարիզի ազգային նվագախմբի հետ Փարիզի հայտնի «Շանզ-Էլիզե» թատրոնում):