new-image15642-2-680x500

Մշտական ցուցադրություն

Թանգարանի մշտական ցուցադրությունը բաղկացած է ութ թեմատիկ սրահներից, որոնք արտացոլում են Կոմիտասի կյանքի ուղին, նրա կոմպոզիտորական, երաժշտագիտական, բանահավաքչական և կատարողական գործունեությունը:  Ցուցասրահներում հնչում է կոմպոզիտորի երաժշտությունը: Ցուցադրության հեղինակ և համադրողը Վարդան Կարապետյանն է, ձևավորող–նկարիչը՝ Ալբերտո Տորսելլոն:
  • Առաջին սրահ՝ «Ժամանակագրություն»
  • Երկրորդ սրահ` «Կոմիտասը և իր ժամանակակիցները»
  • Երրորդ սրահ՝ «Կոմիտասի միտքը»
  • Չորրորդ սրահ՝ «Կոմիտասի բանահավաքչական գործունեությունը»
  • Հինգերորդ սրահ՝ «Կոմպոզիտոր Կոմիտասը»
  • Վեցերորդ սրահ՝ «Կոմիտասը և հոգևոր երաժշտությունը»
  • Յոթերորդ սրահ՝ «Կոմիտասի ելույթները»
  • Ութերորդ սրահ՝ «Կոմիտասից հետո»
  Ծրագիրն իրականացրել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) Հայաստանի ազգային կոմիտեն: Ցուցադրության կազմակերպման համար թանգարանային առարկաներ են հանձնվել Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուներից: Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հավաքածուն պարբերաբար համալրվում է նոր նմուշներով` աշխարհի տարբեր անկյուններից: Առաջին նվիրատվությունն իրականացրել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը` թանգարանի բացման օրը: Նա Կոմիտասի թանգարան-ինստիտուտին է նվիրել Կոմիտասի գրչակալը՝ թանաքամանով, որը կոմպոզիտորն ստացել է Բաքվում՝ 1908 թ.-ին, իր համերգից հետո։ Գրչակալի վրա փորագրված է.  «Հայ ժողովրդական երգերին ոգի տվող խոսուն երաժշտագետ Հայր Կոմիտաս վարդապետին՝ նրա գեղարվեստական տաղանդը հարգողներից»: