«ՀՈՎԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ

գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սոնա Հովհաննիսյան
«Հովեր» կամերային երգչախումբը հիմնադրվել է 1992 թ.: Հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարը և դիրիժորը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանն է: Երգչախումբը պետական կարգավիճակ է ստացել
2009 թ.:
«Հովեր» կամերային երգչախումբը բաց է խմբերգային բոլոր ժանրերի համար: Այն կարևորում է նորարարությունն ու փորձարարությունը, տարբեր արվեստների սինթեզը՝ անգամ ավանդական և ակադեմիական երկացանկում:
Երգչախումբը հանդես է եկել Եվրոպայի և ԱՄՆ մի շարք հեղինակավոր բեմերում (Միլանի «Դալ Վերմե» և Փարիզի «Նանթեղ Ամանդիե» թատրոններ, Փարիզի «Սիթե դը լա մյուզիք», Բրեստի «Լը Քուաղց» (Ֆրանսիա), Վաշինգթոնի «Սթրաթմոր», Նյու Յորքի «Քարնեգի Հոլլ» համերգասրահներ, Լինքոլն կենտրոնի «Ալիս Թուլի» դահլիճ և այլն):
«Հովեր» պետական կամերային երգչախումբը նախաձեռնել է մի շարք խմբերգային ներկայացումներ, մասնակցել բազմաթիվ մեծակտավ վոկալ-սիմֆոնիկ, օպերային նախագծերի: Երգչախմբի փորձարարական նախագծերից են կոմիտասյան պարերգերի բեմադրությունները, «Վեց առակ», «Զուգահեռ» խմբերգային ներկայա­ցում­ները: Երգչախումբը մասնակցել է «Անուշ» օպերայի նոր բեմադրությանը (ռեժիսոր՝ Ս. Ավետիքյան, դիրիժոր՝ Վ. Մարտիրոսյան), Վահագն Հայրապետյան տրիոյի հետ համատեղ «Ապարանյան երգերի ոչ ավանդական մշակումներ», ինչպես նաև ամենամյա արցախյան և մարզային համերգային նախագծերին:
Կոլեկտիվը պարբերաբար համագործակցում է հայաստանյան բոլոր նվագախմբերի և երգչախմբերի, ինչպես նաև մի շարք փառատոնների հետ («Երևանյան հեռանկարներ», «Կոմիտաս», «Արամ Խաչատրյան» երաժշտական փառատոններ, «Ոսկե ծիրան» կինոփառատոն, «Ավրորա» մարդասիրական նախաձեռ­նու­թյուն): Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և Էդուարդ Թոփչյանի հետ համատեղ իրականացրել է բազմաթիվ օպերաների կատարումներ (Պ. Չայկովսկի՝ «Եվգենի Օնեգին», Ջ. Պուչինի՝ «Բոհեմ», «Տոսկա» և «Մադամ Բատերֆլայ», Պ. Մասկանյի՝ «Գեղջկական պատիվ», Ջ. Ռոսինի՝ «Սևիլյան սափրիչ», Ռ. Լեոնկավալլո՝ «Պայացներ», Ա. Բաբաև՝ «Արծվաբերդ» և այլն):
Երգչախումբը մասնակցել է մի շարք գեղարվեստական ֆիլմերի երաժշտական աշխատանքներին («Արարատ». ռեժիսոր՝ Ա. Էգոյան, «Արտույտ­ների ագարակը». ռեժիսոր՝ Տավիանի եղբայրներ, «Թևանիկ». ռեժիսոր` Ջ. Ավետիսյան, «Խոստումը». ռեժիսոր՝ Թ. Ջորջ և այլն), ինչպես նաև «Պեպո» ներկայացման երաժշտական ձևավորման աշխատանքին (երաժշտությունը՝ Վ. Շարաֆյանի):
«Հովեր» երգչախումբը համերգներով հանդես է եկել Իտալիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Ռուսաստանում, Լեհաստանում, Թայվանում, Բելգիայում, Էստոնիայում, Լիտվայում, ԱՄՆ-ում, Լիբանանում, Շվեյցարիայում, Սլովենիայում: Մասնակցել է մի շարք միջազգային երգչախմբային մրցույթ-փառատոնների, որոնց թվում են՝ Լինցի Առաջին խմբերգային օլիմպիադան (Ավստրիա), «Գաուդա Մատեր», «Լոգոս», «Լյուդվիգ վան Բեթհովեն» (Լեհաստան), «Ֆեստիվալ Վալ Լանդերեն» (Բելգիա), «Միդեմ» (Ֆրանսիա), Մոսկվայի Զատկական (Ռուսաստան), «Պոլիֆոլիա» (Ֆրանսիա), «Լա ֆաբրիկա դել կանտո», «Սյուդտիրոլ», «Լես Սակրես Ջուռնի» (Իտալիա), «Մուստոնենֆեստ» (Էստոնիա), «Սայրն Վալե» (Շվեյցարիա) և այլ միջազգային փառատոնները:
Ս. Գուբայդուլինայի, Ռ. Շչեդրինի, Ք. Պենդերեցկու, Գ. Կանչելիի և մի շարք այլ մեծանուն ժամանակակից կոմպոզիտորների ստեղծա­գոր­ծությունների «Հովերի» կատարումները արժանացել են բարձր գնահատանքի:
«Հովեր» պետական կամերային երգչախումբը հանդես է եկել մի շարք մեծանուն երաժիշտների և կոմպոզիտորների հետ (Գ. Կրեմեր, Ա. Մուստոնեն, Ռ. Շերվինիկաս, Դ. Գերինգաս, Ջ, Նելսոն, Մ. Կլաուզա, Բ. Կուտավիչյուս, Լ. Շամբադալ, Ֆ. Հելգաթ):
2012 թ. երգչախումբը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:
Թողարկել է յոթ ձայնասկավառակ: