ՆԱՆԵ ՄԻՍԱԿՅԱՆ

Երաժշտագետ-միջնադարագետ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտաշխատող: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության և կոմպոզիցիայի բաժինները: Տպագրել է հոդվածներ, զեկուցումներով հանդես է եկել միջազգային գիտաժողովներում: Զբաղվում է մանկավարժական գործունեությամբ: Ն.Միսակյանի գիտական ուսումնասիրությունն առնչվում է հայ հոգևոր երաժշտության, մասնավորապես, հայկական Ութձայն համակարգի հետ կապված մի շարք հիմնախնդիրներին: Գիտական հետաքրքրությունների շրջանակում են նաև հայ հոգևոր երգաստեղծության և հայ կոմպոզիտորական արվեստի փոխառնչության հարցերը:

ՀԱՅՈՑ ԲՁ ՁԱՅՆԵՂԱՆԱԿԸ
ԵՎ DIES IRAE ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՍԵԿՎԵՆՑԻԱՆ

Զեկուցումը նվիրված է հայ հոգևոր երգարվեստի Արմաշական ավանդույթի (Պոլսական երգվածքի առանձին ենթաճյուղը) ԲՁ ձայնեղանակի շարականների ուսումնասիրությանը։ Բացահայտել ենք դրանց բնութագրական հատկանիշները, դիտարկել տեմպերը, մեղեդիական ոճերը և մեղեդիական բնորոշ դարձվածքները։ Աշխատանքի կարևոր մասն է կազմում Արմաշական շարականների համեմատական վերլուծությունը հայ հոգևոր երգարվեստի այլ ավանդույթները ներկայացնող համանուն նմուշների հետ։ Քննության ընթացքում ինտոնացիոն աղերսներ ենք նկատել դիտարկվող ԲՁ շարականներում տեղ գտած որոշակի մեղեդիական դարձվածքների և միջնադարյան Dies Irae կաթոլիկ սեկվենցիայի միջև։ Այս համատեքստում առաջ ենք բերել հետևյալ հիմնահարցերը՝ կապված երկու երգասացությունների
ա. ստեղծման ժամանակի,
բ. մեղեդիական կերտվածքում խնդրո առարկա դարձվածքների զարգացման օրինաչափությունների,
գ. մեղեդիական ոճերի և երաժշտական բաղադրիչների այլ առանձնահատկությունների հետ։