«ՍՊԵՂԱՆԻ» երգչախումբ
գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սարինե Ավթանդիլյան
«Սպեղանի» երգչախումբը հիմնադրվել է 1996 թ.: Գեղարվեստական ղեկավարը և դիրիժորը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սարինե Ավթանդիլյանն է: Երգչախմբի երկացանկում ներկայացված են տարբեր դարաշրջանների հայ և համաշխարհային խմբերգային երաժշտության նմուշներ:
«Սպեղանին» համերգներով շրջագայել է Հայաստանում, Արցախում, Ռուսաստանում, Լիբանանում, Իտալիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Լիտվայում՝ մասնակցելով բազմաթիվ միջազգային փառատոնների և արժանանալով դափնեկրի կոչման: 2010 թ. Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային երգչախմբային մրցույթում աշխարհի տարբեր երկրներից այնտեղ ժամանած բազմաթիվ երգչախմբերի շարքում «Սպեղանին» «Հոգևոր երաժշտություն» և «Ազգային երաժշտություն» անվանակարգերում արժանացել է առաջին մրցանակների, իսկ «Ժամանակակից երաժշտություն» անվանակարգում ստացել է ժյուրիի սահմանած հատուկ մրցանակը՝ մրցույթի պարտադիր ծրագրի լավագույն կատարման համար: 2015 թ. Ֆլորենցիայում կայացած խմբերգային երաժշտության հեղինակավոր մրցույթ-փառատոնում երգչախումբը «Հնագույն երաժշտություն» և «Միասեռ երգչախումբ» անվանակարգերում արժանացել է առաջին մրցանակների, իսկ Վերածննդի դարաշրջանի իտալական կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարման և լավագույն բեմական հանդերձանքի համար՝ հատուկ մրցանակների:
«Սպեղանի» երգչախմբի նվաճումներից է Կոմիտասի «Սուրբ Պատարագի» ձայնագրությունը ներառող ձայնասկավառակը՝ քահանայի և սարկավագի երգամասերով: