ՆԻԿՈԼԱՅ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն: Հեղինակ է գիտական հոդվածների, զեկուցումներով մասնակցել է գիտաժողովների: Գիտական հետաքրքրությունների ոլորտում նոր և նորագույն շրջանների հայ երաժշտության ուսումնասիրությունն է:

ԿՈՄԻՏԱՍԻ ԵՎ ՄԱՐԳԱՐԻՏ ԲԱԲԱՅԱՆԻ ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Կոմիտասի գրական ժառանգության կարևոր մասն է նրա ծավալուն Նամականին, որը պահպանվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում: Կոմիտասի նամակներից մի քանիսը տպագրվել են հանդեսներում, ամսագրերում, ինչպես նաև 2000 թ․ հրատարակված «Նամակներ»-ում: Կոմիտասի նամակագրությունն ընդգրկում է շուրջ երկու տասնամյակ: Առաջին պահպանված նամակը գրված է 1894 թ. փետրվարի 6-ին և հասցեագրված է Մեսրոպ Սմբատյանին, ով Կոմիտասին ձեռնադրել էր աբեղա, իսկ վերջինը՝ 1914 թ. հոկտեմբերի 13-ին և ուղղված էր Երվանդ Հակոբյանին: Կոմիտասի նամակները հասցեագրված են Սոֆյա Բաբայանին, Մարիամ Թումանյանին, Հովհաննես Թումանյանին, Մատթեոս Իզմիրլյանին, Գարեգին Լևոնյանին, Բարսեղ Կորգանյանին, Անտոն Մայիլյանին, Վահրամ Մանկունուն, Սպիրիդոն Մելիքյանին, Ալեքսանդր Մյասնիկյանին, Արշակ Չոպանյանին, Սիրանույշին, Նիկողայոս Տիգրանյանին և ուրիշների:
Բավական ծավալուն ու արժեքավոր է Կոմիտասի նամակագրությունը հայ դաշնակահարուհի, երգչուհի (մեցցո-սոպրանո), երաժշտագետ և մանկավարժ Մարգարիտ Բաբայանի (1874-1968) հետ: Նրանք ծանոթացել էին 1895 թ.: 1904 թ. Մ. Բաբայանն ընտանիքով տեղափոխվում է Փարիզ և մշտական բնակություն հաստատում այնտեղ: Շուտով նա դառնում է Կոմիտասի մերձավորագույն բարեկամը, նրան քաջալերող խորհրդատուն ու քննադատը, հետագայում` Կոմիտասյան խնամատար հանձնաժողովի եռանդուն կազմակերպիչներից ու ղեկավարներից մեկը: Լինելով Փարիզի կոմիտասյան հանձնաժողովի փոխնախագահ, իսկ Արշակ Չոպանյանի մահից հետո՝ նախագահ, նա է կորստից փրկում ու Հայաստան ուղարկում Կոմիտասի ձեռագրերը: Փարիզում հիմնադրում է վոկալի դպրոց` ծավալելով իր մանկավարժական գործունեությունը, իսկ Եվրոպայում ծավալած համերգային գործունեությամբ ու ֆրանսիական մամուլում հրատարակված երաժշտագիտական հոդվածներով նպաստում հայ երաժշտության համաշխարհային ճանաչմանը:
Զեկուցման մեջ ներկայացվում է Կոմիտասի և Մարգարիտ Բաբայանի նամակագրությունը: Եթե Մ. Բաբայանին հասցեագրված Կոմիտասի նամակները հրատարակվել են, ապա Մ. Բաբայանի՝ Կոմիտասին հասցեագրած նամակները, որոնք պահպանվում են ԳԱԹ Կոմիտասի դիվանում, գիտական շրջանառության մեջ են դրվում առաջին անգամ: Այս նամակներն արտացոլում են Կոմիտասի գեղագիտական հայացքները և կարևոր տեղեկություններ են հաղորդում նրա մասին։