ՆԱՏԱԼՅԱ ՌԱՄԱԶԱՆՈՎԱ

Երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, Սանկտ Պետերբուրգի Ռուսական ազգային գրադարանի Ձեռագրերի բաժնի առաջատար գիտաշխատող: Հեղինակ է երկու մենագրության (“Московское царство в церковно-певческом искусстве”, 2004; “Святые русские римляне”, 2005) և մոտ 70 տպագիր գիտական աշխատությունների: 1978 թ. Վլադիվոստոկի Հեռավոր-արևելյան արվեստների ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` ստանալով արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան: Ն. Ռամազանովայի գիտական հետաքրքրությունների ոլորտը ներառում է ռուս երաժշտության պատմությունը, հնագույն ռուսական երգեցողության ձեռագրերը, ռուս երաժշտական գործիչների մասին արխիվային նյութերի հետազոտությունը:

«ՆԱՀԱՏԱԿ ԵՎ ՀՈՎԻՎ»․ XVII ԴԱՐԻ ԿԵՍԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՆՈՏԱԳՐՎԱԾ ՁԵՌԱԳՐՈՒՄ ՀԱՅ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԳՐԻԳՈՐ ԵՊԻՍԿՈՊՈՍԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՍՏԻԽԻՐԱՆԵՐ

«Մեծ Հայաստանի» եպիսկոպոս սուրբ նահատակ Գրիգորն մեծարված սրբերից է, որին ընդունում են քրիստոնեության բոլոր ուղղությունները: Հայ սուրբ նահատակի անունը, կերպարը, կատարած սխրանքի նկարագրությունն իրենց արտացոլումն են գտել Ռուսիայի եկեղեցական արվեստի բազում հուշարձաններում՝ սրբանկարչության, ճարտարապետության, գրականության, երգարվեստի մեջ: Եթե սկզբնական շրջանում (11-րդ դարից սկսած) այդ հուշարձանները կենտրոնացված են Նովգորոդի երկրամասում, ապա 16֊րդ դարի կեսերից Գրիգոր Լուսավորչի պաշտամունքի կենտրոնը տեղափոխվեց Մոսկվա: Այստեղ ստեղծվում են հայ հրաշագործին փառաբանող նշանակալի հուշարձաններ։ Գրիգոր Լուսավորչի պատվին է անվանակոչված Պոկրովյան տաճարի բեմի վրա տեղադրված 9 սեղաններից մեկը, նա հիշատակվում է Իվան IV թագավորի Տարեգրությունների ժողովածուի մեջ, իսկ եկեղեցական-երգեցիկ արվեստի պատմության զարգացման ընթացքում երգեցողությանը նվիրված, Մոսկվայում ստեղծված առավել նշանակալի ձեռագրերի մեջ նրան նվիրված նոտագրված երգեցողությունների թիվը զգալիորեն մեծանում է:
Ա. Ն. Կրուչինինան, որն առաջինն է դիտարկել ռուսական նոտագրված ձեռագրերում Սուրբ Գրիգորին նվիրված նոտագրված երգասացությունները, հայտնաբերել է նրան նվիրված 16-17-րդ դարի կեսերի 10 ձեռագրեր: Դրանցից երկուսում գրառված են ավելի մեծ քանակությամբ երգասացություններ: Սակայն 17֊րդ դարի կեսերին ի հայտ է գալիս ևս մեկ ձեռագիր, որն իրենից ներկայացնում է սրբերին նվիրված մեծ քանակությամբ երգասացություններ ներառող վերջին նոտագրված գրքային հուշարձանը (ՌՊԳ, Ռազումովսկի. 63): Հետագայում այդ տեքստերից, անգամ՝ ամբողջությամբ ժամերգություններից շատերն անհետացան նոտագրված ձեռագրերից: Վերջիններիս շարքում էր նաև հայ առաջին սրբին նվիրված ժամերգությունը:
Զեկուցման մեջ դիտարկվում են ձեռագրում գրառված վեց ստիխիրաներ, որոնք պատկանում են միևնույն վեցերորդ ձայնեղանակին։ Այդ ստիխիրաների կենտրոնական գործող անձը, բնական է, սուրբ նահատակ Գրիգորն է: Նրա անունը հունարենից թարգմանաբար նշանակում է «արթուն», իսկ լատիներենից՝ «հովիվ»: Երկու թարգմանություններն էլ արտացոլում են հայ առաջին եպիսկոպոսի առնչությունը Հայաստանում քրիստոնեության պատմության և որպես հոգևոր հովիվ նրա դերակատարության հետ: Սրբի անունը և նրա հովվական գործունեությունը ներկայացված են ուսումնասիրվող երգասացություններում՝ տարբեր երաժշտաբանաստեղծական միջոցների օգտագործմամբ, ինչը ներկայացվում է զեկուցման մեջ։ Այստեղ նաև վերլուծվում են «նահատակ» («տառապանքներ»), «հովիվ», «լույս», «փառք» հասկացությունների մարմնավորման համար օգտագործվող արտահայտչամիջոցները, ինչպես նաև հնարները՝ ինչպես առանձին ստիխիրաների, այնպես էլ՝ ընդհանուր առմամբ երգասացությունների ամբողջ համալիրի ընդգրկումով: