Խազեր

Խազագրությունը հայ միջնադարյան հոգևոր երաժշտության գրառման համակարգ է։ Ձևավորվել է VIII դարում։ XVI-XVIII դարերի ընթացքում խազեր կարդալն աստիճանաբար մոռացվել է, սակայն որոշ տվյալների համաձայն խազագրությունը մասնակի կիրառություն է ունեցել մինչև XIX դարի կեսերը: Եվրոպական միջնադարյան երաժշտության մեջ խազերին համապատասխանում են նևմերը: Միջնադարից պահպանվել են հազարավոր խազագիր ձեռագրեր, որոնց մի մասը (շուրջ 1000 նմուշ) պահվում է Երևանի Մաշտոցի անվան մատենադարանում:
Խազագրության արվեստն ուսումնասիրել են մի շարք եվրոպացի և հայ գիտնականներ՝ Հայնրիխ Պետերմանը, Ֆրանսուա Ֆետին, Օսկար Ֆլայշերը, Գրիգոր Գապասաքալյանը, Եղիա Տնտեսյանը, Կոմիտասը և ուրիշներ։ Կոմիտասը ողջ գիտակից կյանքի ընթացքում զբաղվել է խազերի ուսումնասիրությամբ: Թեև այս ոլորտում նա գգալի հաջողությունների է հասել, սակայն Կոմիտասի խազագիտական աշխատանքների մեծ մասի ճակատագիրն անհայտ է։ Ներկայում խազերի ընթերցման բանալին մնում է չբացահայտված: Խազերի արտաքին նկարագիրը և անունները հիմք են հանդիսացել XIX դարի սկզբին ձևավորված հայկական նոր նոտագրության (Լիմոնջյանի համակարգ) համար: Խազերի վերծանումը կարևոր է ոչ միայն հայ երաժշտության, այլև միջնադարյան համաքրիստոնեական եկեղեցական երաժշտության ուսումնասիրության տեսանկյունից: