Կլաուս Հուբերը ու նրա «Սևահող» օպերան
Նոյեմբեր5, 202616:00

ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ին՝ ժամը 16:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Կլաուս Հուբերը ու նրա «Սևահող» օպերան» թեմայով բանախոսություն։
Բանախոս՝ ԼԵՎՈՆ ՀԱԿՈԲՅԱՆ, արվեստագիտության դոկտոր, Արվեստագիտության պետական ինստիտուտ (Մոսկվա), երաժշտության տեսության բաժնի վարիչ։
Շվեյցարացի կոմպոզիտոր Կլաուս Հուբերը (1924–2017) եվրոպական հետպատերազմյան ավանգարդի ամենաերևելի դեմքերից է։ Նրա ողջ ժառանգությունը կարող է ներկայացվել որպես մեկ մեծ տիեզերական (էկումենիկ), սոցիալական և կոսմոպոլիտիկ ուտոպիա՝ հիմնված տարբեր դարաշրջանների ու երկրների մի շարք ընտրյալ մտածողների, միստիկների և բանաստեղծների գաղափարների վրա։
Այսուհանդերձ, նա հետևողականորեն հավատարիմ էր մնում բարդ, արմատապես դիսոնանսային, բառիս բուն իմաստով՝ ավանգարդային երաժշտական լեզվին, որն անհամատեղելի է ամեն տեսակ «պաճուճանքների» հետ։
1989 թվականից սկսած՝ Հուբերի համար առանձնահատուկ նշանակություն են ստանում Օսիպ Մանդելշտամի արձակը, պոեզիան և կենսագրությունը. նրա ստեղծագործական այս գիծն ընդհանրացված է «Սևահող» (Schwarzerde) օպերայում (2001, Բազել)։
Հետևելով Մանդելշտամի «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» ակնարկին՝ Հուբերը ներկայացնում է Հայաստանը որպես ուտոպիական աշխարհի յուրահատուկ մարմնավորում։ Հայաստանի ոգին խորհրդանշում է կոնտրատենորի «հրեշտակային» ձայնը, որը հայերենով երգում է Մանդելշտամի կողմից մեջբերված հատվածներ Փավստոս Բուզանդի «Պատմութիւն Հայոց» գրքից։
ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է։