Մշտական ցուցադրություն
Թանգարանի մշտական ցուցադրությունը բաղկացած է ութ թեմատիկ սրահներից, որոնք արտացոլում են Կոմիտասի կյանքի ուղին, նրա կոմպոզիտորական, երաժշտագիտական, բանահավաքչական և կատարողական գործունեությունը: Ցուցասրահներում հնչում է կոմպոզիտորի երաժշտությունը: Ցուցադրության հեղինակ և համադրողը Վարդան Կարապետյանն է, ձևավորող–նկարիչը՝ Ալբերտո Տորսելլոն:
- Առաջին սրահ՝ «Ժամանակագրություն»
- Երկրորդ սրահ` «Կոմիտասը և իր ժամանակակիցները»
- Երրորդ սրահ՝ «Կոմիտասի միտքը»
- Չորրորդ սրահ՝ «Կոմիտասի բանահավաքչական գործունեությունը»
- Հինգերորդ սրահ՝ «Կոմպոզիտոր Կոմիտասը»
- Վեցերորդ սրահ՝ «Կոմիտասը և հոգևոր երաժշտությունը»
- Յոթերորդ սրահ՝ «Կոմիտասի ելույթները»
- Ութերորդ սրահ՝ «Կոմիտասից հետո»
Ծրագիրն իրականացրել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) Հայաստանի ազգային կոմիտեն: Ցուցադրության կազմակերպման համար թանգարանային առարկաներ են բերվել Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուներից:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հավաքածուն պարբերաբար համալրվում է նոր նմուշներով` աշխարհի տարբեր անկյուններից: Առաջին նվիրատվությունը եղել է թանգարանի բացման օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից : Նա թանգարան-ինստիտուտին է նվիրել Կոմիտասի գրչակալը՝ թանաքամանով, որը կոմպոզիտորն ստացել է Բաքվում՝ 1908 թ.-ին, իր համերգից հետո։ Գրչակալի վրա փորագրված է. «Հայ ժողովրդական երգերին ոգի տուող խօսուն երաժշտագետ հայր Կոմիտաս վարդապետին` նրա գեղարուեստական տաղանդը յարգողներից: 1 ապրիլի, Բագու, 1908 թ.»:
: